Գեղարդի շուրջ բարձրացված աղմուկը զավեշտալի և անհիմն է, սրբությունների հանդեպ նման կասկածների սերմանումը սրբապղծություն է. Տեր Ասողիկ

 

Սուրբ Գեղարդի հետ կապված այն ամենը, ինչը մենք լսեցինք այս օրերին, պարզապես զավեշտալի է: Մասունքների, սրբությունների հանդեպ նման կասկածների սերմանումը պարզապես սրբապղծություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը անդրադառնալով Սուրբ Գեղարդը շուրջ բարձրացված աղմուկին:

«Ես չէի ուզի առհասարակ անդրադառնալ այդ կասկածներին, որովհետև դրանք զավեշտալի են և անհիմն են, բայց կրոնական առումով դրանք նաև դատապարտելի են: Մասունքների, սրբությունների հանդեպ նման հանդգնությունը՝ կասկածների սերմանումը, պարզապես սրբապղծություն է: Մանավանդ այն անձանց կողմից, ովքեր Գեղարդին երբեք չեն առնչվել, Գեղարդով չեն զբաղվել, դրա համեմատական չեն կատարել և անտեղյակ են պատմական այն փաստաթղթերին, որոնք կան հրապարակում:

Եվ նման անձեր իրենց անձնական նվաստ շահերի համար այդպիսի հայտարարություններ են տարածում»,- նշեց Տեր Ասողիկը:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.–ի հրաժարականը պահանջող ցուցարարները պնդել էին, որ Սուրբ Գեղարդը վաճառվել է։ Ի պատասխան նշվել էր, որ Գեղարդը չի վաճառվել, դրա մի մասը նվեր էր տրվել ռուս քաղաքապետի։

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքով՝ Գեղարդի հետ կապված այս սուտը և կեղծիքը մոլորության մեջ է գցում հավատացյալներին, ովքեր Գեղարդի, և առհասարակ, սուրբ մասունքների հանդեպ երկյուղած վերաբերմունք ունեն:

«Պատմական փաստերը, տեղեկություններն առկա են, կան հրապարակված հոդվածներ, կան գիտական նկարագրություններ, կա ի վերջո Գեղարդի պատմությունը»,- հայտնեց նա:

Պատմությունից հայտնի է, որ Հայոց եկեղեցին ունի մեկ բուն գեղարդ և 18-րդ դարում պատրաստված Գեղարդի կրկնօրինակը, քանի որ այդ ժամանակաշրջանի Հայրապետը զուտ հափշտակությունից զերծ պահելու համար կրկնօրինակն է պատրաստել:

«Նրան հաջորդած հայրապետերը 1800-ական թվականներին, որպեսզի արդեն առկա կրկնօրինակից բուն գեղարդը տարբերակվի իրենց կնիքներն են դրել այդ գեղարդների վրա: Ես լսեցի, որ ասում են՝ իբրև թե Գեղարդի վրա առկա է 4 կնիք, միանշանակ դա սուտ է, Գեղարդի վրա ի սկզբանե է եղել 2 կնիք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ երկու գեղարդները միասին չներկայացվեցին ժողովրդին՝ կասկածները վերացնելու համար, Տեր Ասողիկը պատասխանեց. «Իմաստ չկա երկուսը միասին ներկայացնելու, բուն գեղարդը ներկայացվել է, իսկ կրկնօրինակի նկարները սփռված են համացանցում՝ տարբեր ցուցահանդեսներ տարված կատալոգների մեջ: Ցանկացողը կարող է գալ Մայր աթոռ սուրբ Էջմիածին և տեսնել այն: Տարբեր առիթներով արդեն 4 տարի է Գեղարդը դուրս է բերվում, նկարահանվում է և ներկայացվում է հանրությանը: Եվ ամենակարևորը, կան արխիվային հիմքեր, պարզապես պետք է խորամուխ լինել այդ հիմքերի մեջ»: