Ընտրացուցակում կա լուրջ խնդիր, շատ են դեպքերը, երբ մարդիկ արտագաղթում են, բայց մնում են քաղաքացի կամ մահանում են ու էլի ցուցակում են. Դ. Իոաննիսյան

Հաշվի առնելով ընտրողների ցուցակը՝ ռիսկը մեծ է կնկնաքվեարակության. ԱԺ-ի հանձնախմբի հետ քննարկմանը, ներկայացնելով իրենց առաջարկները, ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ ընտրացուցակում կա լուրջ խնդիր, շատ են դեպքերը, երբ մարդիկ արտագաղթում են, բայց մնում են քաղաքացի կամ մահանում են, և ազգականները շարժառիթ չունեն ՀՀ իշխանություններին մահվան վկայականը հասցնելու: «Նրանք ցուցակում մնալու էին հավերժ, եթե ցուցակի տրամաբանությունը չփոխվեր»,-ասաց Իոաննիսյանը և նշեց, որ խնդիր է դրված՝ ինչպես փոխեն, որ ընտրողները չգան ընտրական տեղամաս և հայտնաբերեն, որ ընտրողների ցուցակում չեն: «Որոշվեց, որ ընտրողների ցուցակում քվեարկելու իրավունք ունեն միայն վավեր անձնագրի կամ նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում»,-ասաց նա:

Ըստ Իոաննիսյանի՝ բացի մաքրման նպատակից, նաև կխուսափեն իրավիճակից, որ մարդ գալիս է ընտրատեղամաս՝ 20 տարվա անձնագրով, որը նկարի հետ հնարավոր չէ նույնականացնել: «Տասը տարվա անձնագրով այս պահի իրավակարգավորմամբ անձը կարող է քվեարկել»,-ասաց նա:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն այդքան էլ ճիշտ չի համարում անվավեր անձնագրով ընտրությանը մասնակցելու արգելքը: «Առաջարկում ենք դիտարկել այն նույն տարբերակը, երբ սարքերի վրա կոդը չի կարդում, և սարքը օպերատորը ձեռքով է մուտքագրում, ազդանշան էր անում, որ վստահված անձինք հասցնեին ռեակցիա տալ, հետո շարունակել: Առաջարկում եմ անվավեր անձնագրերի հետ կապված նույն մոտեցումը, դրանով նախ ձայնի իրավունքից չեն զրկի, բայց ազդանշանով ուշադիր կլինեն»,-ասաց նա: