Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան–Մակրոն հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Բելգիայի Թագավորությունից հայտնում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ուրախ է, որ հանդիպում են այստեղ և հանդիպելու են նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովի շրջանակներում։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Մակրոնին՝ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։

Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կմեկնի Եվրոպական հանձնաժողովի Բառլեմոն շենք, որտեղ կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: