Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Ն. Փաշինյան

Իմ կարծիքով՝ մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում ենք, թե արդյոք Արցախի հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծումն ընդունելի՞ է ձեզ համար, թե՞ ոչ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանն ու ծավալված քննարկմանը, հաշվի առնելով, որ առաջին նախագահը կողմ է «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծմանը:

Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ որևէ մեկը հարց տվե՞լ է, այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Նա հիշեցրեց, որ ինքը միշտ հայտարարել է այն մասին, որ փոխզիջման համար կարևոր է, որ 2 կողմը պատրաստակամ լինի զիջման:

«Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի, որ հասկանանք, թե մեզ համար փոխզիջման ինչի հնարավորություն գոյություն ունի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բացառում է այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Նա նկատեց, որ Հանրապետության հրապարակում իրենք մարդկանց ներգրավեցին քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի ընդունվեն ազգային որոշումներ:

Վարչապետը, կրկին անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մանրամասներին՝ ասելով, որ հանդիպումը կայացել է կառավարական առանձնատանը:

«Երբ իմացա, որ ինձ հետ հանդիպելու ցանկություն կա, հրավիրեցի նրան, մենք սուրճ ենք խմել, զրուցել ենք: Նա ինձ հայտնեց տեղեկություններ, որոնք մտածում էր, որ կարող է ես չիմանամ: Շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ չեղավ այնպիսի տեղեկություն, որի մասին ես չգիտեի: Հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։