Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ցուցակն էլ կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
«Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը»,- գրված է հայտարարությունում:
Կուսակցության նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն է, որը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո, երբ ԲՀԿ-ն իշխանության մաս չկազմեց, հայտարարեց, որ լքում է ԲՀԿ-ն և նոր կուսակցություն հիմնում:
Նկատենք նաև, որ Վահան Բաբայանն այս օրերին ակնհայտ իր դրական վերաբերմունքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և ջանք ու եռանդ չի խնայում իր վերաբերմունքը հանրությանը ցույց տալու հարցում:
Հերիք է նշել միայն, որ Բաբայանի ֆեյսբուքյան էջում “cover photo”-ն Ռոբերտ Քոչարյանի լուսանկարն է: