Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի տնօրենը հարսին վճարել է չաշխատած 117 օրվա համար. մինչդատական վարույթում վնասը վերականգնվել է

 

Ավարտվել է ՀՀ վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվության ուսումնասիրության արդյունքներով Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակներում Վանաձորի համայնքային ենթակայությամբ գործող մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում հայտնաբերված խախտումների դեպքի առթիվ հարուցված և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ 2018 թ. օգոստոսի 9-ին քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատախազի կողմից և ուղարկվել դատարան։

Թե ինչ է պարզվել նախաքննությամբ, Դատախազությունից հայտնեցին, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Վանաձոր համայնքի Մարգարիտ Մատինյանի անվան թիվ 19 նախադպրոցական ուսումնական հաստատության» տնօրեն Ա. Հակոբյանը միասնական դիտավորությամբ 2014 թ. հունվարի 1-ից 2015 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հարսի՝ նույն կազմակերպության մեթոդիստ Ա. Վարդանյանի կողմից ընդհանուր 117 աշխատանքային օր աշխատանքի չհաճախելու պայմաններում, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կեղծ տեղեկություններ է ներառել Ա. Վարդանյանի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում Ա. Վարդանյանի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ անհիմն դուրս է գրվել 467.283 ՀՀ դրամ գումար, ինչի արդյունքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր զգալի չափերի` 467.283 ՀՀ դրամ գումար:

«Նկարագրված արարքները կատարելու համար Ա. Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեց Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ մինչդատական վարույթի ընթացքում Ա. Հակոբյանը ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վնասը: