Նախարար Զեյնալյանն ընդունել է Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության անդամներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես՝ Դոմինիկ Լիեգմը անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությանը՝ նշելով, որ այն դրական արդյունք է գրանցել և առաջիկայում նախարարության հետ համագործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը: