Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել անհիմն և ապօրինի լինելու մասին քրեական հետապնդումը դադարեցնելու է ապացույցների անբավարարության պատճառով

 

17․08․2018թ-ին սույն քրեական գործով Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա 2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոցի բակում սպանության սպառնալիքներ է տվել նույն գյուղի բնակիչ Ավետիք Սարգսի Սարգսյանին, որոնք իրականացնելու իրական վտանգ է եղել։

28.08.2018թ-ին վարույթն իրականացնող մարմին ենք հրավիրվել գործով վկաներ, դեպքին ականատես Ալեն Սարգսյանի և Շուրա Մելքոնյանի հետ առերես հարցաքննության նպատակով, սակայն վերջիններս առանց հարգելի պատճառների հարցաքննության չեն ներկայացել:

Հաջորդ օրը առերես հարցաքննության ներկայանալու համար կրկին ծանուցում ենք ստացել, սակայն հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել ենք, որ առերեսումը տեղի չի ունենալու:

Քրեական գործի նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել դեպքին ականատես վկաներ Սերգեյ Գասպարյանը և նրա աներոջ որդին, ինչպես նաև Կարեն Գասպարյանի կինը և դուստրերը:

Կարեն Գասպարյանի մեղադրանքի անհիմն և ապօրինի լինելու մասին բազմիցս հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին համապատասխան նշումներ և հայտարարություններ անելով դատավարական և քննչական գործողությունների կատարման ընթացքում:

30․08․2018թ-ին պաշտպանական կողմի համար պարզ է դարձել, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն ապօրինի քրեական գործ հարուցել, այլև քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ ապօրինի մեղադրանք առաջադրել Կարեն Գասպարյանին:

Մասնավորապես 30.08.2018թ-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պատասխանելով լրագրողների հարցերին հայտնել է, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար և նրա վերաբերյալ քրեական գործի մասը ուղարկվել է դատարան, իսկ նրա որդու վերաբերյալ որոշում է կայացվել ապացույցների անբավարարության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ, քանի որ սույն քրեական

գործով Սերգեյ Գասպարյանն անգամ չի հարցաքննվել, նրա վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում չի կայացվել և առանց բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու չէր կարող կայացվել:

Կարեն Գասպարյանի մասը դատարան չի ուղարկվել և քրեական գործի քննության ներկայիս փուլում դատարան ուղարկվել չէր կարող:

Այնուամենայնիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը արդեն իսկ կանխակալ կարծիք է հայտնել քրեական գործով մեղադրյալ Կարեն Գասպարյանի հետագա ճակատագրի մասին, որով միանշանակ կերպով հաստատել է պաշտպանական կողմի այն համոզմունքը, որ վարույթն իրականացնող մարմինը սույն քրեական գործով դրսևորում է կանխակալ վերաբերմունք և հակված է ամեն գնով հասնել Կարեն Գասպարյանի դատապարտմանը: Ներկա փուլում ՀՀ ՀՔԾ պետը անթաքույց կերպով արտահայտելով իր դիրքորոշումը գործի հետագա ճակատագրի մասին հաստատեց, որ անկախ նրանից թե ինչ տեղեկություններ կհայտնեն քրեական գործով դեռևս չհարցաքննված վկաները, ինչ տեղեկություններ կստացվեն առերեսումների ընթացքում, միևնույն է վարույթն իրականացնող մարմինը քրեական գործը Կարեն Գասպարյանի մասով ուղարկելու է դատարան, իսկ Սերգեյ Գասպարյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու է ապացույցների անբավարարության պատճառով: Այստեղ հատկանշական է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ Ս.Գասպարյանի կողմից Ա.Սարգսյանին մեկ անգամ ապտակելու դեպքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով և քանի որ ցանկացած իրավաբանի համար պարզ է, որ արարքը սխալ է որակվել, ապա ակնհայտ է, որ Ս.Գասպարյանի մասով քրեական հետապնդում չիրականացնելը չի կարող պայմանավորված լինել ապացույցների անբավարարությամբ: Չնայած դրան, ՀՀ ՀՔԾ պետը արդեն իսկ կանխակալ կարծիք է հայտնել քրեական հետապնդում չիրականացնելու իրավական հիմքի վերաբերյալ:

Տվյալ դեպքում ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կանխակալ վերաբերմունք ունի սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգարվված Կարեն Գասպարյանի և քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն ենթադրյալ հանցագործության կատարման մեջ փաստացի կասկածվող նրա որդու՝ Սերգեյ Գասպարյանի նկատմամբ, քանի որ ներկայումս լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չքննված քրեական գործով արդեն իսկ կանխակալ վերաբերմունք է ձևավորել գործի հետագա ճակատագրի մասին։ ՀՀ ՀՔԾ պետը օգտվելով օրենքով սահմանված իր լիազորություններից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վրա կարող է ազդեցություն գործադրել, որպեսզի իրականություն դարձնի իր 30․08․2018թ-ի անհիմն հայտարարությունը գործի վերջնական արդյունքների վերաբերյալ։

Փաստացի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը վարույթ ընդունելու պահից քրեական գործի ճակատագիրը արդեն իսկ կանխորոշված է եղել, որի մասին իր կանխակալ կարծիքը հայտնել է Սասուն Խաչատրյանը և այժմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի ելույթից հետո անկողմանկալ դիտորդի մոտ ոչ միայն կասկած, այլև համոզմունք է ձևավորվել վարույթն իրականացնող մարմնի անաչառության վերաբերյալ:

<<Հայկական ժամանակ>> օրաթերթը ՀՀ ՀՔԾ պետի՝ 30․08․2018թ-ի հայտարարության վրա հիմնվելով Կարեն Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելու մասին հոդված է հրապարակել։

Հիմք ընդունելով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խնդրում եմ հերքել 30․08․2018թ-ին հրապարակված հոդվածում տեղ գտած փաստացի անճշտությունները և հերքման հետ միաժամանակ հրապարակել իմ՝ սույն պատասխանը։

Հարգանքով,

Պաշտպան՝ Ա․Թամրազյան