Երևանի ընտրություններին մասնակող քաղաքական ուժեր կան, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, բայց գնում, խորհրդարանում բանակցում են ՀՀԿ-ի հետ. Ն. Փաշինյան

Երրորդ Հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, ավելի վստահելի, քան հենց այսօր: Այս մասին այսօր Էրեբունի վարչական շրջանում ընթացող հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անընդհատ ասում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ չեն, լավ չեն, բայց հասկացել են, որ տենց չի, հիմա էլ գուժում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն են փչացել: Լացում են առավոտից իրիկուն: Դուք ձեր դարդը լացեք, մենք մեր արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք»,- հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք իշխանությունից չեն կառչելու: Վարչապետը վստահեցնում է, որ այն օրը, երբ ՀՀ քաղաքացիները կորոշեն, որ ինքն այլևս չպետք է լինի իշխանության, 15 րոպե անց կլքի պաշտոնը:

«Նա, ով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի իշխանություն, նա ոչինչ չի հասկանում, որովհետև ՀՀ-ում իշխանություն ունի միայն ժողովուրդը: Եվ որևէ պատգամավոր չմտածի թե ինձ լավություն է արել վարչապետ ընտրելով, որովհետև եթե չքվեարկեիք, դուք մինչև հիմա չէիք կարողանալու ձեր տները գնալ: Ժողովուրդը ձեզ թույլ չէր տա փողոց դուրս գալ: Եվ ոնց որ դուք էլի դասեր չեք քաղել, դուք ոնց որ թե գնում եք նույն ճանապարհով: Ստափվեք, գժուկներ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ մեծ աղմուկ բարձրացրած սև և սպիտակ ուժերի մասին հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սկզբում ասեցի, Հայկ ջան, արի մի կողմ դնենք էդ սևերն ու սպիտակները, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր: Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, այսօր նրանք գնացել են խորհրդարանում բանակցում են Հանրապետականների հետ, քուչեքում, տարբեր ռեստորաններում են բանակցում Հանրապետականների հետ, թե բա տղերք՝ կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք որ հաղթենք Երևանի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանը չլուծարվի»,- հայտնեց Փաշինյանը:

«Հիմա ընկել են Հանրապետականների զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Եթե ձեր հույսը Հանրապետականի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Չի ստացվելու ոչինչ, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»,- հայտարարեց վարչապետը: