Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով, քրտինքով, գիշեր- ցերեկ աշխատելով է ստեղծել իր անունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ նման բարձր տրամադրությամբ և պսպղուն աչքերով: Մեր քաղաքական թիմի մեծագույն առաքելությունն այնպես անելն է, որ ձեր աչքերի փայլը ոչ միայն չխամրի, այլ նաև ամեն օրվա, ամեն շաբաթվա ու տարվա հետ ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ ու դարից դար:

Այս մասին այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով հանրահավաքի մասնակիցներին:

«Մենք ուզում ենք, որ ՀՀ-ը՝ որպես ուժեղ և ինքնիշխան պետություն, գոյություն ունենա հավիտյան, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի վերջո հաղթահարի պատմական այն ցիկլը, որի մեջ անընդհատ ընկնում է: Այդ ցիկլը հետևյալն է՝ մենք անընդհատ ստանում ենք հնարավորություն պետականության տեսքով և ամեն անգամ կորցնում ենք այդ հնարավորությունը: Սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է շատ պինդ բռնենք և այլևս բաց չթողնենք, մանավանդ, որ այս հնարավորության մեջ մենք արդեն հաղթում ենք, և ձեր փայլուն աչքերը այդ հաղթանակի ամենակարևոր բաղադրիչն են»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկ անգամ ևս ցանկանում է  ընդգծել, թե ինչու են քաղաքապետի թեկնածու ընտրել Հայկ Մարությանին:
Փաշինյանն ասաց, որ ավագանու թեկնածուներից շատերը կարող էին լինել քաղաքապետի թեկնածու:

«Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով, քրտինքով, գիշեր- ցերեկ աշխատելով է ստեղծել իր անունը: Իր անունը իր հորեղբայրը չի ստեղծել, քեռին չի ստեղծել, կաշառքը չի ստեղծել, իր անունը ծանոթը չի ստեղծել, իր անունը ստեղծել է իր քրտնաջան և ամենօրյա աշխատանքը:

Ներեցեք, ես ուզում եմ անկեղծ ասել, թե ինչու է սա կարևոր, որովհետև եթե, օրինակ, Հայկ Մարությանը սպասեր, թե երբ է որևէ նախարար, վարչապետ, քաղաքապետ, որևէ տնօրեն  իրեն ձեռք է մեկնելու, օգնելու է, որ ինքը ոտքի կանգնի, ինքը հնարավոր է մինչև հիմա սպասեր, ինձ համար ամենակարևորն այդ սիմվոլն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երբ ինքն ասում է, որ նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի աշխատանքը, անձի տաղանդը, ինքնավստահությունը, հենց դա նկատի ունի, որովհետև այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը ինչ-որ բան ուղղակի որոշեց անել և արեց:

«Հայկ Մարությանը ստեղծեց Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը՝«Կարգին հաղորդման» բրենդը: Կապ չունի, թե դա ինչ ոլորտի է վերաբերում, բայց դա ստեղծելու համար պետք է ունենալ շատ մեծ տաղանդ, հմտություններ, զրոյից ստեղծել ահա այդպիսի հզոր բրենդ: Հայկ  Մարությանի թեկնածությունը պաշտպանելով՝ ես ինքս ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ ասել, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նախընտրած ոլորտում  կարող է անել նույնը, ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր ուժերին»,- ասաց Փաշինյանը: