Վայոց Ձորի մարզպետը չի թողնում կոռուպցիոն դեպքեր բացահայտվեն․ պատճառը ՀՀԿ-ականներն են

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով Վայոց Ձորի մարզպետարանում իրավիճակը գնալով լարվում է։ Պատճառը մարզպետ Արագած Սաղաթելյանի անգործությունն է։ 

Նախ նշենք, որ Արագած Սաղաթելյանը նախկին ՀՀԿ անդամ է եղել և դրա կազմից դուրս գալուց անմիջապես հետո դարձել է ԲՀԿ-ական։Մարզպետարանում հիմնական դժգոհությունները, ինչպես մեզ հայտնեցին, մարզպետի կողմնակալ վերաբերմունքն է և «անօրինականությունների վրա աչք փակելը»։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արագած Սաղաթելյանը չի թողնում բացահայտվեն կոռուպցիոն այն ռիսկերը, որոնց ակունքներում կանգնած են ՀՀԿ-ականները։  

Վայոց Ձորի մարզպետը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հերյուրանքներ որակեց իր մասին բոլոր լուրերը․ «Բացառված է, չի կարող նման բան լինել, ես իմ առջև նպատակներ եմ դրել և դրանց ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։

Հարցին՝ ինչ բացահայտումներ է արել մարզում իր պաշտոնավարման այս մի քանի ամիսների ընթացքում կամ որոնք են եղել այն առաջնային խնդիրները, որոնք արագ լուծում են գտել, Արագած Սաղաթելյանը դժվարացավ պատասխանել, իսկ կոռուպցիայի մասին խոսելիս մեզ վստահեցրեց, որ այն ուղղակի չկա։ «Ես վստահ կարող եմ ասել, որ մեր մարզում կոռուպցիա լինելու դեպքում դա 10 րոպեում լուծում կստանա, ի՞նչ կապ ունեն հանրապետականները, եթե լինի կոռուպցիա որևէ ոլորտում՝ միանգամից կբացահայտվի։ Ոչ մի կոռուպցիա չկա մեզ մոտ, դրա բացահայտումն իմ առաջնային քայլերից մեկն է եղել պաշտոնավարման օրից»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը։

Դիտարկմանը, թե մարզպետարանում լուրջ մտահոգություններ կան անօրինությունների բացահայտման մասով, քանի որ մարզպետն արգելում է դրանց ընթացք տալ և հրապարակել, Սաղաթելյանը պատասխանեց․ «Չի կարող նման բան լինել, ես առաջինն եմ շահագրգռված դրանց բացահայտմամբ, և կարող եք վստահ լինել՝ դրանց առկայության դեպքում անպայման լուծում կտրվեն։ Այս պաշտոնին եմ եկել, որպեսզի վերջ տամ թե՛  կոռուպցիային, և թե՛ անօրինությանը։ Երկրորդ կարևոր նպատակս այն է, որ մարզում տարածքային անջատումներ չլինեն, չասեն դու  մարզի այս քաղաքից ես, ես՝ այն»։Այն հարցին, թե կա՞ իրոք այդ խնդիրը մարզում, Սաղաթելյանը զարմացավ․ «Ի՞նչ կարևոր է կա, թե  ոչ, դա իմ առաջնային նպատակներից մեկն է եղել, դա պետք է չլինի մեր մարզում»։

Post Author: admin