Ովքեր են պայքարելու Էջմիածնի քաղաքապետի աթոռի համար

Հոկտեմբերի երկրորդ կեսին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որոնց շարքում է նաև Արմավիրի մարզի Էջմիածին համայնքը։ Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվող թեկնածուներից մի քանիսի անուններն արդեն շրջանառվում են՝ Կարեն Ստեփանյան, Վահե Մովսիսյան, Դիանա Գասպարյան, Վազրիկ Գրիգորյան։ 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը  նշեց, որ առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ն կսատարի «Յունիբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական  Վահե Մովսիսյանին։ Ըստ Դավթյանի՝ Վահե Մովսիսյանն ունի բոլոր շանսերը՝ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու համար։ «Շատ լավ եմ ճանաչում Վահեին. խելացի և ազնիվ մարդ է, ծանոթ եմ նաև նրա ծրագրերի մի փոքր մասին։ Վստահ եմ՝ այսքանով հանդերձ, նա կհաջողի այս ընտրություններում: Տեսնենք՝ ինչպես կլինի»,-ասաց Դավթյանը։

Մյուս թեկնածուն իրավաբան Կարեն Ստեփանյանն է՝ կրկին անկուսակցական, սակայն ի տարբերություն Վահե Մովսիսյանի, Ստեփանյանը չունի սատարող ուժ։ Մեզ հետ զրույցում Ստեփանյանը հաստատեց առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը և վստահեցրեց, որ որևէ ուժ իրեն չի սատարելու։ «Անկուսակցական եմ, և առաջիկայում ևս, կարծում եմ, կլինեմ անկուսակցական և կարող են բոլորը վստահ լինել, որ քաղաքական որևէ ուժ ինձ չի սատարում»ասաց Ստեփանյանը։

Ինչ վերաբերւմ է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին, արդեն հայտնի է, որ նա առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ  նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի մասին հայտնի է այն, որ վերջինս նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Մանվել Գրիգորյանի որդու մտերիմն է։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին՝ Գրիգորյանների տանը կատարած ԱԱԾ մի շարք բացահայտումների մասին տեսանյութի հրապարակման օրը, նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց։