ՀՀ վարչապետը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ. քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը նոր թափ հաղորդելուն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:

Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:Paron

Post Author: admin