Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի եւ Կապանի քաղաքապետերի ընտրությունների բոլոր թեկնածուների անունները հայտնի են

 

Այսօր ավարտվել է հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքապետերի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: ԿԸՀ կայքում տեղադրվել են Էջմիածնի, Հրազդանի, Արմավիրի եւ Կապանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուների տվյալները:

Արմավիրում առաջադրվել է ներկայիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:

Արմավիրում ինքնառաջադրվել են նաեւ անկուսակցական, ճարտարագետ «ՀԷԾ» ՓԲԸ Մուսալեռ» մասնաճյուղի կուրսանտների վերլուծական  և էներգիա իրացման բաժնի աշխատակից Օհան Հարությունյանը, անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը:

Ամենաշատ թվով թեկնածուներն առաջադրվել են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար: Էջմիածնում միմյանց հետ կմրցեն 11 թեկնածու:

Նրանք են ՝ անկուսակցական «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Առաքելյանը, անհատ ձեռներեց, անկուսակցական Գագիկ Բաղրամյանը, ներկայիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Դիանա Գասպարյանը, «Վասպուրական-238» ՍՊԸ գլխավոր խորհրդական Վազրիկ Գրիգորյանը, ֆինանսիստ, անկուսակցական Սուսաննա Մարգարյանը, անկուսակցական Վահե Մովսիսյանը, Սամվել Մուրադյանը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ գլխավոր փորձագետ Սուրեն Մուրադյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Սարգսյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը, անկուսակցական անհատ ձեռներեց Սամվել Դավթյանը:

Հրազդանում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի  25-ամյա որդին՝ Սեւակ Միքայելյանը, անկուսակցական Մանվել Պողոսյանը, Լեւոն Ստեփանյանը եւ Դավիթ Քոչարյանը:

Կապանում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, անկուսակցական «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպությունում ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը եւ անկուսակցական,  «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանը:

Նշենք, որ Հրազդանում եւ Կապանում քաղաքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարները չեն առաջադրվել, այլ առաջադրվել են այլ թեկնածուներ, ինչի հետ կապված ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնեց, որ իրենք հայտարարություն կտարածեն:

Post Author: admin