Համայնքի բյուջեի հաշվին ֆիլմ է նկարահանել. Քասախի գյուղապետի հարցը կհասնի իրավապահներին. մանրամասներ

 

ՀՀ Կոտայքի մարզի Քասախի 22 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանն առաջիկայում հնարավոր է հայտնվի մեղադրյալի աթոռին: Պատճառը Կոտայքի մարզպետարանի կողմից գյուղապետարանում անցկացված ստուգումներն են, ինչի արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը օգոստոսի 13-ից մինչեւ 22-ը ընկած ժամանակահատվածում իրավական եւ մասնագիտական հսկողություն է իրականացրել Քասախի գյուղապետարանում, արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Քասախում իրականացված վարչական հսկողությանը, հայտարարեց. «Ես գնահատական չեմ կարող տալ` արձանագրված խախտումները լուրջ են, թե ոչ, բայց մտահոգիչ փաստեր կան, որոնք որ կարծում եմ պետք է որ հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Իրավապահների ուշադրությունը պետք է հրավիրենք: Մենք հիմա օրենքով սահմանված կարգով հաղորդման վրա ենք աշխատում, մեկ-երկու օրվա ընթացքում հաղորդում պետք է տանք իրավապահ մարմիններին: Մնացածը արդեն իրավապահները կորոշեն, եթե լուրջ կլինեն խախտումները, ապա գործեր կհարուցեն»: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` գյուղի 907 բնակչի ստորագրությամբ մարզպետարանը դիմում-բողոք է ստացել, որի մեջ մատնանշված են կոնկրետ ոլորտներ, որտեղ խոսք կա առերեւույթ խախտումների, յուրացումների եւ այլնի մասին: «Հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ մենք այդ համայնքում վարչական հսկողության ժամկետը առաջ ենք գցել: Այս գյուղում հերթական վարչական հսկողությունը պլանավորած էր 4-րդ եռամսյակում: Եւ մենք օրենքով սահմանված կարգով միջնորդել ենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ ժամկետը առաջ ենք գցել»,- ներկայացրեց մարզպետը: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քասախի ավագանու նիստերի արձանագրությունները, որոշումների նախագծերը կազմվել են թերություններով եւ բացթողումներով, ինչի արդյունքում թերի է կատարվել ՏԻՄ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջը: Նաեւ բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքները: Պարզվում է, որ դեռեւս 2016 թվականի փետրվարի 1-ին 22 տարվա ՀՀԿ-ական անփոխարինելի գյուղապետ Արա Մկրտչյանը Ռաֆիկ Ավետիսյանին նշանակել է «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ, ապա դեկտեմբերի 30-ին ազատել: Բայց չնայած սրան` նա չի ունեցել բարձրագույն կրթություն, իսկ նշանակումը, հակառակ օրենսդրական պահանջի, կատարվել է առանց ավագանու համաձայնության: Բացի այս, առանց ավագանու համաձայնության նույն տարում Արայիկ Գեւորգյանը նշանակվել է «Կոմունալ բարեկարգման եւ սպասարկման գրասենյակ» բյուջետային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նաեւ մեզ հայտնի դարձավ, որ Քասախի գյուղապետարանի աշխատակազմում 2016 թվականի ապրիլի 22-ից թափուր են մնացել աշխատակազմի առաջատար մասնագետի, 2017 թվականի սեպտեմբերից` 1-ին եւ 2-րդ կարգերի մասնագետների պաշտոնները: Այդ պաշտոնները զբաղեցնելու համար վերջին անգամ մրցույթ է հայտարարվել այս տարվա հուլիսին, սակայն չի կայացել հանձնաժողովի կողմից քվորում չապահովելու պատճառով: Ի դեպ, 2012 թվականից թափուր են նաեւ աշխատակազմում գործավար-քարտուղարուհու, 2016 թվականի ապրիլից` վարորդի հաստիքները: Մինչդեռ ՀՀ ՏԿՆ 2006 թվականի նոյեմբերի 20-ի N 203-Ա հրամանի N 58 հավելվածով հաստատված Քասախի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի համաձայն` պաշտոնները 10-ն են: Գյուղապետի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել է համայնքի սեփականության գույքագրում, սակայն գույքագրման փաստաթղթերը չեն հաստատվել ավագանու կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ավագանու անդամներ Միքայել Սահակյանը, Սասուն Ասատրյանը, Էդգար Մկրտչյանը, Տարոն Թովմասյանը, Սպարտակ Գասպարյանը 2016 թվականին գումարված 11, իսկ 2017-ին` 12 նիստերից բացակայել են: Իսկ ահա Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված հսկողության ընթացքում պարզվել է, որ նույն ավագանիները գումարված 7 նիստերից բացակայել են: Բայց չնայած սրան` ավագանիների նկատմամբ օրենքով սահմանված գործառույթներ չեն իրականացվել: Մինչդեռ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ պետք է դադարեցվեին, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Նշենք, որ տեւական ժամանակ Քասախի գյուղապետարանի աշխատանքը պարալիզացված է եղել, քանի որ ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտել են նիստերը: Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ երկարատեւ բոյկոտից հետո ավագանին օրենքով սահմանված կարգով լուծարվել է: Այժմ գյուղն ունի նորընտիր ավագանի, որը սեպտեմբերի 22-ից արդեն իր լիազորությունները ստանձնել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, ավագանու անդամներ Սեդրակ Հովհաննիսյանը 2012-ի դեկտեմբերից, Սեդրակ Խաչատրյանը 2017-ի հունվարից, Գրետա Մկրտչյանը այս տարվա փետրվարից աշխատում են Քասախի «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» ՀՈԱԿ-ում տարբեր պաշտոններում` այս դեպքում խախտելով ՏԻՄ ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը: Ըստ մարզպետարանի` ավագանու անցած տարվա դեկտեմբերի 4-ի թիվ 62 որոշման 2-րդ կետով սահմանվել են համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հավելումներ եւ հավելավճարներ: Հավելավճար սահմանվել է նաեւ համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար աղյուսակի տեսքով, որտեղ կիրառվել են գործակիցներ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Բայց նշված չէ համայնքային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը, որը, ըստ աղյուսակի, տարբեր է: Արդյունքում համայնքային 5 ծառայողներ ստացել են իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110 տոկոսի չափով հավելավճարներ: Նման ձեւով հավելավճարներ տրվել են նաեւ նախորդ տարիներին: Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Բացի այս, համայնքի ղեկավարը որոշել է համայնքի բյուջեի հաշվին գյուղի մասին ֆիլմ նկարահանել, որի համար ծախսել է 840 հազար դրամ: Դեռեւս 2016 թվականի մարտի 8-ին նվիրված միջոցառման համար ծախսել է 461.5 հազար դրամ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` 718 հազար դրամ: Նույն նպատակների համար ծախսեր կատարվել են նաեւ 2017 թվականին: Իսկ ահա Ամանորի կապակցությամբ գյուղի հրապարակի լուսավորության, զարդարման ծառայության համար վճարել է 800 հազար դրամ, միայն ամանորյա տոնածառի խաղալիքների համար ծախսվել է 967 հազար դրամ: Մինչդեռ գյուղապետը պետք է առաջնահերթությունը տար գյուղի պարտադիր խնդիրներին, այնուհետեւ հավելյալ ֆինանսական միջոցների առկայության պարագայում նաեւ կամավոր խնդիրներին` բնականաբար առաջնորդվելով ՏԻՄ օրենքով: Հ.Գ. Ի դեպ, հատկանշական է փաստը, որ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ Քասախ գյուղը եւս աչքի էր ընկել ընտրակեղծիքներով. այնտեղ հանձնաժողովը, որ կազմված է եղել գյուղապետարանի աշխատակիցներից, ըստ դիտորդների, հենց գյուղապետի հրահանգով լցոնումներ է արել: Սյունէ Համբարձումյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/845388/