Մարալիկում կրկին լարված իրավիճակ է. քաղաքապետարանի դուռը փակ է, իսկ քաղաքապետի կողմնակիցներն էլ խոստանում են պարալիզացնել երկաթգիծը

 

Երկուշաբթի առավոտյան Մարալիկի Հանրապետական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցիները թմբուկներով երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան. նրանք շարունակում են պահանջել քաղաքապետի հրաժարականը:

Երթի ընթացքում մասնակիցները բարձրախոսով հարցնում էին. «Ո՞վ է տերը մեր համայնքի»: Ապա իրենք էլ վանկարկում. «Մենք ենք տերը մեր համայնքի»:

Հիշեցնենք, որ  Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները գրեթե 10 օր փակած են պահում  քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Ինքը ՝ Արտակ Գևորգյանը, Tert.am-ին հայտնել էր, որ չի պատրաստվում 15-20 հոգու պահանջով հրաժարական տալ, քանի որ ժողովրդի կողմից ստացել է ընտրություններում վստահության քվեն:

Արդեն քաղաքապետարանի մոտ ցույցի՝ եռագույններով ու Հայաստանի պետական դրոշներով փաթաթված մասնակիցները պարզեցին «ՀՀԿ հեռացիր» կարգախոսներով պաստառները, միացրեցին ՀՀ պետական օրհներգն ու շարունակեցին այդ կերպ պահանջել համայնքապետի հրաժարականը: Ինչպես նախորդ օրերին, քաղաքապետարանի դուռը այսօր ևս փակված է նստարանով ու աթոռներով:

«Բռնակալ էր, կաշառակերություն, թալանչիություն էր անում»,- ասաց մի մարալիկցի տղամարդ: Իսկ մյուսն էլ շարունակեց. «Մի փոքր վերլուծենք մեր հակառակորդի վերջին օրերի պահվածքը: Նախորդ արատավոր համակարգի ճորտերը, ստրուկները ձեռքները ծալած չէին նստելու, առավել  ևս իրենք էլ գլխի չեն, իրենց հրահանգում է  քաղաքական դիակ կուսակցության ղեկավար թևը, և Գևորգյան Արտակի շրջապատն անցավ գործողությունների»:

Հավաքվածները գոռում էին «ամոթ», ինչին ի պատասխան՝ մարալիկցին նշեց. «Ժողովո՛ւրդ, իրենք ամոթ չունեն: Մարդիկ խոստացան (Արտակ Գևորգյանի կողմնակիցները-խմբ ) պարալիզացնել մայրուղիներում երթևեկությունը, երկաթգիծը, որն արդեն 1991-ից չի աշխատում, թե ինչն են պարալիզացնում՝ չգիտեն, նավահանգիստը, օդանավակայանը և, երևի, Կոմերիտականների փողոցը: Երևի մետրոյով էլ գային Մարալիկ իրենց աջակցելու»:

Տղամարդը նկատեց, որ  եթե հանրապետականները ճանապարհ փակեն, ապա իրենք կգնան «ճանապարհը փակել են հանրապետականի թշվառ մնացորդները» կարգախոսներով, և նրանց ճամփա փակելը կտևի 5 րոպե ու կավարտվի խայտառակությամբ:

Նա կոչ արեց մարալիկցներին ավելի ակտիվ լինել, որ «մնացորդային երևույթներին ուղարկենք» պատմության աղբամանը: