Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական կտա

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 16-ին, հրաժարական կտա: Արդեն վաղվանից կսկսեն թեժ քաղաքական քննարկումներ՝ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Մասնավորապես, քննարկումներ կսկսեն կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական ուժերի միջև Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ:

Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է:

Նշենք՝ կառավարությունն արդեն իսկ հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է փակ ցուցակներով համամասնական ընտրություններ, անցողիկ շեմը նվազում է՝ 4 և 6 %-ի, ԱԺ-ում նվազագույնը 4 ուժ պետք է լինի ներկայացված, իսկ ընտրագրավը՝ 7,5 մլն դրամ կլինի:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ փաշինյան հայտնել էր, որ ընտրությունները տեղի կունենան «մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում»։

Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում, ԱԺ-ի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, իսկ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո ԱԺ-ն 14 օր ժամանակ ունի խուսափելու արձակումից:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: