Ինձ ու ՀՔԾ պետին գաղտնալսողների շրջանակը հայտնի է՝ ՀՀ-ից են, պատվիրատուն լայն ճանաչում ունի, իսկ շարժառիթն իմ հրաժարականն էր․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

 

ԱԱԾ տնօրենը կառավարությունում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր և ՀՔԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման թեմային, հայտարարեց, թե պարզվել է գաղտնալսողների շրջանակը։

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել»,- շեշտեց Վանեցյանը։

Հարցին՝ պատվիրատուները Հայաստանի՞ց են, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այո»։

Անդրադառնալով այն հարցին, թե գաղտնալսման պատվիրատուն հանրությանը ծանո՞թ է, նա ասաց՝ լայն ճանաչում ունի։

Միևնույն ժամանակ ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, թե իրենց գաղտնալսողներն ԱԱԾ-ից չեն։ Ինչ վերաբերում է գաղտնալսման շարժառիթին, Արթուր Վանեցյանն ասաց․ «Շարժառիթն այն է, որ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացներ, թուլացնեին և այլն: Հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը, և մամուլում, որոշ լրատվամիջոցներում հարձակումները, հրապարակումների 90 տոկոսը սուտ է, և դա խոսում է այն մասին, որ փորձում են իմ ու ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել»:

Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե ԱԱԾ-ն առանց ապացույցի հայտարարել է, որ նախկին վարչապետ Հովիկի Աբրահամյանին պատկանող տարածքում կան «Մարտի 1-ին» կիրառված զենքեր, Վանեցյանն ասաց․ «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։ Ես հստակ որևէ հայտարարություն չեմ արել, ասել եմ՝ կա վարկած, իրականացվում է փորձաքննություն, իսկ փորձաքննությունն ապացուցեց, որ զենքերը «Մարտի 1-ի» հետ առնչություն չունեն»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դատավարական կարգավիճակի մասին տեղեկություններ դեռևս չի հայտնում։ Նա նշեց, թե երեկ Ավետիսյանը ԱԱԾ քննչական մարմին է հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն դեռևս չգիտի՝ կարգավիճակը փոխվել է, թե ոչ:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի՝ մի շարք հյուրանոցների հետ կապին, Վանեցյանը նշեց, թե իրենք չեն ասել, թե Քոչարյանը կապ ունի այդ հյուրանոցների հետ։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ կոնկրետ Կոնգրես հյուրանոցի հետ կապված հստակ ապացույցներ կլինեն։

«Առաջիկայում կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութը և դուք կտեսնեք ամբողջությամբ»,- ասաց նա, բայց այլ մանրամասներ չներկայացրեց՝ ասելով, թե կխոսի միայն փաստերով։