
Այնուհետև ծառայության ղեկավարը խրախուսվածներին հանձնեց պարգևներն ու խրախուսանքները. քրեակատարողական 2 ծառայող խրախուսանքի ձևով ստացավ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր, 3-ը՝ արտահերթ կոչում, 13 ծառայողի հայտարարվեց շնորհակալություն, ՀՀ ԱՆ նախարարի հրամանով 29 ծառայող ստացավ տարբեր աստիճանի «Անբասիր ծառայության համար», 3-ը՝ «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կրծքանշաններ:
Նիստի տոնական մասի ավարտից հետո Ծառայության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծառայողական բնույթի մի քանի կարևոր հարցերի վրա՝ հիմնարկի պետերից պահանջելով շարունակել իրականացնել ամենօրյա հսկողություն սննդամթերքի պահպանման, սննդի որակի և չափաբաժինների, ճաշարանի և պահեստի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման, էլեկտրաէներգիայի սպառման, ջրի և գազի խնայողության, կադրերի հետ աշխատանքի, հաշվապահական հաշվառման, կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով ներկայացվող նյութերի լիարժեքության և օբյեկտիվության նկատմամբ:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ Ա. Մխոյանը, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարն էր: «Մեր համակարգում պետք է այն արմատախիլ արվի ամբողջությամբ, ազատազրկված ոչ մի անձ չպետք է օգտվի օրենքով չնախատեսված արտոնություններից», – նշեց Ա. Մխոյանը:
Ծառայության պետը կարևորեց նաև վատառողջ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տարվող աշխատանքները՝ հանձնարարելով բժշկական ծառայությունների հետ համատեղ առողջական խնդիրներ ունեցող այն դատապարտյալներին, կալանավորված անձանց նկատմամբ, որոնց հիվանդությունները, համաձայն գործող կարգի, անհամատեղելի են ազատազրկման հետ, բացահայտել և կալանավորված անձանց մասով նյութերը ներկայացնել վարույթն իրականացնող մարմին, իսկ դատապարտյալների նյութերը՝ ՔԿԾ՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Կրկին շնորհավորելով ներկաներին՝ ՔԿԾ պետ Ա. Մխոյանն ասաց. «Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի համազգեստը, հասկանա և գնահատի քրեակատարողական ծառայողին ներկայացվող բարոյական արժեքները և պահպանի դրանք: Հաջորդ տարի համակարգի ստեղծման 100-ամյակն է, և մենք մեր աշխատանքով պետք է նվաճենք այն հավուր պատշաճի նշելու իրավունքը: Միաժամանակ շատ եմ ուզում, որ առայժմ չխրախուսված մեր ծառայողների մոտ առաջանա անկասելի ձգտում՝ արժանանալու խրախուսանքի, ուզում եմ, որ բոլոր ծառայողները ձգտեն հասնելու «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կոչմանը»: