Ասում էիք՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը․ Է․ Շարմազանով

 

 

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է համարում։ Նա այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ելույթի շեշտադրումներն էլ լինելու են ավելի շատ քաղաքական։ Էդուարդ Շարմազանովը խոստովանեց, որ իշխանության ներկայացուցիչ եղած ժամանակ հիմնականում ներկայացրել է բյուջեի դրական կետերը և հավելեց, որ ընդդիմության դիրքերից այսօր վեր կհանի բացասականը՝ նպատակ ունենալով ուղղելու և այլընտրանքային առաջարկներ անելու։

«Հեղափոխության կամ իշխանափոխության առիթներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, այսինքն՝ տնտեսական աճի բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե նաև արդարության հետ որոշակի խնդիրներ կային և այլն, և իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են։ Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության լիդերները, այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեր Փաշինյանը, շատ բարձր պլանկա էր դրել՝ թռիչքային զարգացում, ՀՀ-ում աղքատների բացակայություն, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- ասաց նա։

Շարմազանովը նաև նշեց, թե իր համար ընդունելի չէ Կառավարության՝ բյուջեն իներցիոն որակելը։ Ըստ նրա՝ իներցիոն էր 2018 թ․ բյուջեն, քանի որ նոր կառավարությունը ստիպված էր աշխատել այն բյուջեով, որը հաստատվել էր «Հանրապետականի» կառավարման ժամանակ։ Նա շեշտեց՝ 2019 թ․ բյուջեն բերել է նոր կառավարությունը և քաղաքական պատասխանատվություն է կրում դրա համար

«Հիմա խոսեմ սպասումների մասին՝ հասկանալու համար, թե ժողովուրդը 2019 թ․ ավելի լա՞վ, թե վատ է ապրում, քանի որ մարդիկ հրապարակ են գնացել նաև այն պատճառով, որ վատ են ապրում։ 2018 թ․ 6․5 տոկոս տնեսական աճ էր գրված, 2019 թ․՝ 4,9 է գրված, հիմա 6,5 տոկոս տնեսական աճով են լավ ապրո՞ւմ, թե 4,9-ով, պարզ է՝ 6,5-ով։ Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը, երեկ Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչու բյուջեում գրված չէ։ Ներդրումերի կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ պակաս՝ 9 մլն դոլարի ներդրում»,- ընդգծեց Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նվազել է նաև արտահանման ծավալները՝ 10 տոկոս անկում կա։ Նա հիշեցրեց նաև, որ այս ամենին զուգահեռ կառավարությունը «Էվոլյուցիոն» օպտիմալացում է իրականացնելու։ Նրա գնահատմամբ՝ այսօր կառավարության քաղաքականությունը շատ դեպքերում հակասում է հեղափոխության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին։ Էդուարդ Շարմազանովը, թեև կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույն է, կարծում է, որ դա չպետք է լինի «ասֆալտին» փռելու ճանապարհով, այլ պետք է լինի օրենսդրական նախաձեռնությամբ, քաղաքական կամքով ու շարունակական աշխատանքով։

«Սակայն ՀՀ-ի համար ամենակարևորն անվտանգություն է։ Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք։ Այսօր պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջան ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։