ԱՄՆ-ն ոգեւորել է Հայ դատի հանձնախմբին

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկություն է հրապարակել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյիսի հետ հանձնաժմբի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ: Արամ Համբարյանը նշում է, որ ոգեւորված են այդ հանդիպումից, դրա ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության վերաբերյալ դեսպան Թրեյսիի հետ կառուցողական քննարկումից: Արամ Համբարյանը նշել է, որ անհամբեր սպասում են դեսպանի եւ նրա թիմի հետ աշխատելուն:

ԱՄՆ Սենատում իր թեկնածության քննարկման ընթացքում դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությանը, հատկապես շեշտել էր ամերիկահայ համայնքի դերը, նշելով, որ Նահանգների կառավարությունը կփորձի խրախուսել ամերիկահայությանը Հայաստանում գործունեություն ծավալելուն եւ նույնքան հաջողակ լինելուն իրենց հայրենիքում, որքան հաջողակ են նրանք Միացյալ Նահանգներում:

Ի՞նչն է ոգեւորել Հայ դատի հանձնախմբի անդամներին դեսպան Թրեյսիի հետ հանդիպմանը, եղել են կոնկրետ ծրագրերի վերաբերյալ քննարկումնե՞ր, դրանք վերաբերել են հայկական հարցի՞ն, թե՞ առնչվել են Հայաստանի եւ Արցախի զարգացման ծրագրերին, ամերիկահայերի առավել արդյունավետ մասնակցության համատեքստում:

Արամ Համբարյանի հրապարակած տեղեկությանը նախորդել էր Նահանգներից մեկ այլ տեղեկություն: Հայկական բանակի օրվա առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել էր Պենտագոնի ղեկավարի Ուկրաինայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Լորա Քուպերը: Նա հայտարարել էր Հայաստանի հետ ռազմական հարաբերությունը խորացնելու պատրաստակամության մասին, նշելով, որ առաջիկայում Երեւան է այցելելու այդ հարցերը տեղում քննարկելու համար:

Թավշյա հեղափոխությունից հետո շատ է խոսվում հայ-ամերիկյան հարաբերության վերափոխման, առավել աշխուժացման եւ խորացման մասին: Հայաստանը որոշակի արտաքին քաղաքական դադարից հետո կարծես թե վերադառնում է այդ դաշտ եւ սկսում բավականին ինտենսիվ աշխատանք տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ներկայացուցչական այց կատարեց Գերմանիա, այնտեղ հայտարարեց փետրվարի վերջին Իրան այցելելու մասին:

Ի՞նչ է պատրաստվում հայ-ամերիկյան ուղղությամբ: Մինչ Վաշինգտոնից ստացված երկու տեղեկությունները, Դավոսում եղել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազանգը Փաշինյանին՝ Ալիեւի հետ նրա հանդիպումից հետո, սակայն թե Բոլթոնը, թե Փաշինյանը նկատել տվեցին, որ չեն խոսել Արցախի հարցի մասին:

Մի քանի օր անց Բոլթոնը զանգահարեց նաեւ Իլհամ Ալիեւին, որի կապակցությամբ արդեն հայտնել էր Թվիթերում, որ Ալիեւին հետ զրույցում անդրադարձել է խաղաղ գործընթացին ԱՄՆ աջակցությանը, ինչը տողատակում կարծես թե նկատողություն էր Ալիեւին խաղաղ գործընթացում ապակառուցողական վարքագծի ռիսկերի համար:

Խաղաղ գործընթացը անհրաժեշտ է բոլորին, ինչի մասին Երեւանում հայտարարեց նաեւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ասելով, որ միջազգային հանրությունը կոնսենսուս ունի ռազմական լուծում թույլ չտալու կապակցությամբ: Դա հայտարարություն է պարզապես ստատուս-քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի մասին, որը սպասարկելու համար էլ պետք է խաղաղ գործընթացը:

Բայց դա ժամանակավոր միջոց է իհարկե, որը սակայն կարող է հնարավորություն տալ աշխատել ավելի երկարաժամկետ խաղաղության մեխանիզմների վրա: Ակնհայտ է, որ կարգավորման մադրիդյան սկզբունքները՝ տարածք որեւէ բանի դիմաց, աշխատող չեն, դրանք սպառված են եւ վտանգավոր: Իրավիճակի կարգավորում, կայունացում եւ որոշակի հեռանկարում դրա արձանագրում պետք է փնտրել ոչ թե ստատուս-քվոն փոխելու, այլ պահելու եւ դրա շուրջ մթնոլորտն ու բովանդակությունը վերափոխելու միջոցով:

Եվ այստեղ հատկանշական է Փարիզում արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարության մեջ տարածված ուշագրավ եւ թերեւս աննախադեպ մի ձեւակերպում, այն մասին, որ կարեւոր են համատեղ նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը: