Բողոքող առևտրականները պահանջում են փողոցների մայթերին տաղավարներ կառուցել, որ առևտուր անեն

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում առևտրականները, որոնց Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս փողոցում առևտուր անել: Նրանք պահանջում են, որ կառավարությունը միջամտի և թույլ տա, որ իրենք աշխատեն: «Թողեք աշխատենք, ինչո՞ւ չեք թողնում աշխատենք: Մեր հարգարժան վարչապետը չի մտածո՞ւմ, թե էս ի՞նչ ա կատարվում, բոլորը բողոքող են դարձել: Միգուցե կարելի է մարդկանց լսել: Այսօր 1000-1500 մարդ օրվա հացի խնդիր ունի, չեն թողնում փողոցային առևտուր անենք: Մենք պահանջում ենք՝ թույլ տան մեր օրվա հացը վաստակենք: Նախորդ կառավարությունը մեր ամբողջ ունեցվածքը խլեց, նոր կառավարությունն էլ փորում է մեր գերեզմանը՝ կամ պիտի արտագաղթենք, կամ էլ սովից մեռնենք» ,- ասում են առևտրականները:

Նրանք ասում են, որ կառավարությունը թող իրենց կուլտուրական ձևով հարկային դաշտ բերի, իրենք էլ աշխատեն ու իրենց ընտանիքները պահեն: Առաջարկում են մարդաշատ վայրերում տաղավարներ տեղադրել, իրենք գումար վճարեն ու աշխատեն: Քաղաքապետարանը, նրանց խոսքով, խոստացել էր մինչև հունվարի մեկն այդ տաղավարները կառուցել, բայց դեռ չկան: Նրանք, ովքեր համարձակվում են այս օրերին փողոցում առևտրով զբաղվել, ըստ առևտրականների՝ տուգանվում են առաջին անգամ 30 հազար, երկրորդ անգամ՝ 40 հազար, իսկ երրորդ անգամ՝ 70 հազար դրամ:

«Մեզ ասում են՝ կամ գնացեք շուկա, կամ առևտուր մի արեք: Մենք առաջարկում ենք լայն մայթերին գեղեցիկ տաղավարներ կառուցել, որ մենք աշխատենք: Առաջարկում ենք մեզանից օրինական օրական 1000 դրամ հավաքել, ուղղել քաղաքը բարեկարգելու աշխատանքներին»,- բողոքում են նրանք: