Գազալցակայաններում գազը պետք է վաճառվի քաշով. եթե սա բերի սպառվող գազի գնի ավելացման, սպառողը դրանից չի տուժի. քննարկում գործադիրում

 

 

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է մի քանի հարյուր հազար շահառուների իրավունքների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխարգելելուն, տվյալ դեպքում, ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջին, այսինքն՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, ու հարկման նպատակով ակցիզային հարկի պարտավորությունը հաշվարկելու համար սահմանված ծավալով հաշվարկելու ներդաշնակեցումն է։

«Գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությամբ այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց և հայտնեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։ «Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ գազի նկատմամբ ակցիզային հարկի ավելացում չկա։ «Հիմա հարց՝ կարո՞ղ է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ իրենք մինչև այս բոլոր սպառողներն խաբել են: Այնուամենայնիվ, գազի գինը բարձրանա, սպառողը դրանից չի տուժում, որովհետև հիմա ինքը, վճարելով X գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պիտի ստանա, մինչդեռ նախկինում ինքը X գումար վճարելով ենթադրում էր, որ պիտի ստանար X քանակությամբ գազ, բայց ստանում էր X-Y քանակությամբ գազ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ահազանգեր է ստանում, որ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չեն տալիս, և նշեց, որ այստեղ անելիք ունեն նաև քաղաքացիները: