Հաջակցություն Հովհաննես Գալստյանի՝ նրան է միացել ազատամարտիկ Մհեր Մազմանյանը

 

Ի աջակցություն հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ նրան է միացել ազատամարտիկ Մհեր Մազմանյանը։ Այս մասին հայտարարել է Գալստյանը:

«Այսօր, իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10:00-ին, ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր Մհեր Մազմանյանը, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը»,- ասել է կինոռեժիսորը։

Նշենք, որ մինչ այս հացադուլը կինոռեժիսորը 10-օրյա հացադուլ էր իրականացրել նաև դեկտեմբեր ամսին, սակայն դադարեցրել էր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի այցից հետո․ «Նախարարն ասել է, որ իրենք հասկացել են խնդիրը, և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետությունը, ազգային կինոկենտրոնը կշարունակեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնել էր կինոռեժիսորի կինը` Մարինե Գալստյանը:

Հիշեցնենք՝ կինոռեժիսորի հացադուլի պատճառն իր՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը՝ իր բնորոշմամբ անօրինական կասեցման դեմ է, որը կատարվել է նախկին իշխանության ժամանակ և մինչ այժմ այս խնդիրը լուծում չի գտնում։

Բանն այն է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոռեժիսորի նախագծի հանդեպ պարտավորություն է ստանձնել ֆինանսավորելու երեք տարում՝ բյուջեի 30 տոկոսի չափով։ Պարտավորությունը կատարվել է 2016 թվականին․ 2017 թվականին գումարի մի մասը՝ 5 մլն դրամը հետ է վերցրել մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ պետական այլ ծախսի համար՝ ժամանակավոր, և չի վերադարձրել: 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։