Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է՝ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել

 

 

Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2rd.am կայքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանքով, որը նա որակում է «շինծու»։

«Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»,- ասել է Սեդրակ Քոչարյանը։

Նա նաև պատմել է, թե տարիներ շարունակ հեռու է մնացել հրապարակային գործունեությունից՝ «հասկանալի պատճառներով»։

«Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաեւ մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն»,- ասել է երկրորդ նախագահի որդին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրումՌոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։