«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ:

Այսպիսով՝ քրեական գործով, այս պահի դրությամբ, մեղադրյալի կարգավիճակ ունի 17 անձ: Նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 10 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: