Անսպասելի հայտարարություն Երեւանից. Նոր տարրեր են հայտնվում

Ղարաբաղյան հակամարտության բարդագույն կոնֆիգուրացիայում այս օրերին նոր սակրալ տարրեր են հայտնվում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան: Հայաստանը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրության մասին, եւ վերջերս Իրանից վերադարձած Հայաստանի վարչապետի՝ Իսրայել այցի նախապատրաստության մասին:

Այս ամենը տեղի է ունենում ապրիլի սկզբին Փաշինյան-Ալիեւ հանդիպման ֆոնին, որը, որոշ տվյալներով, կկայանա ԱՄՆ-ում: Հայաստանը հանդիպումից առաջ հայտարարել է կոշտ դիրքորոշման մասին՝ նշելով, որ Ադրբեջանին տարածքային զիջումներ չեն լինելու, իսկ Բաքուն որոշել է մասշտաբային զորավարժություն անցկացնել հրթիռային կրակոցներով:

Հայաստանի պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանտը կարծում է, որ ադրբեջանական վարժանքները կազմակերպվել են Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում եւ ճնշման փորձ են ի պատասխան հայտարարության, որ Հայաստանը ոչ մի տարածք չի զիջի Ադրբեջանին: Հայաստանի նախկին վարչակարգը խոսում է, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Երկար տարիներ այդպես էր՝ Հայաստանը պատերազմի վերսկսման վախի առաջ նոր զիջումների էր գնում՝ օգնելով Ադրբեջանին իրավական ուժ հավաքել:

Մինչդեռ իրանա-իսրայելական կտրվածքը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր իրավիճակի ստեղծման: Հայաստանն Իրանին տեղյակ է պահել տարածաշրջանային ստատուս-քվոն պահպանելու մտադրության մասին: Այս են վկայում Արցախում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Արաքսի մերձակա տարածքները վերաբնակեցնելու մասին հայտարարությունը եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սպահանում:

Ադրբեջանը, իր հերթին, բացասական պատասխան է տվել բանակցությունների գլխավոր հարցին՝ պատրա՞ստ է քննարկել Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ կարգավորումը դիտարկում է միայն տարածքային ամբողջականության լույսի ներքո եւ նորից պահանջել է «դուրս բերել հայկական ուժերը»:

Դա ամբողջությամբ փոխում է ապագա բանակցությունների օրակարգը. եթե Ադրբեջանը պատրաստ չէ դիտարկելու Արցախի կարգավիճակը, ապա ինչի՞ շուրջ են բանակցելու:

Այս իրավիճակում Հայաստանն անսպասելի հայտարարում է Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրության մասին՝ դրանով հասկացնել տալով, որ արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիա է սկսում՝ ելնելով սեփական շահերից: Ընդ որում, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ Հայաստանը պայմաններ չի դնում՝ ցեղասպանության ճանաչում, Երեւանում Իսրայելի դեսպանատան բացում, Ադրբեջանին զենքի վաճառքից հրաժարում: Մենք ցանկանում ենք պարզապես բացել դեսպանատուն, ասում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ էստաֆետը փոխանցելով Իսրայելին:

Ինչպե՞ս կպատասխանի Իսրայելը: Օրերս Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ՝ պատմելով Բաքու իր այցի մասին: Իսրայելի վարչապետը գիտակցված, թե ոչ մատնացույց է արել, թե որ երկրի հետ է ասոցացնում Ադրբեջանը: Իսկ ինչպե՞ս է Իսրայելի վարչապետը վերաբերվում Հայաստանին եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության երաշխավոր մնալու նրա մտադրությանը:

Իսրայելի դիրքորոշումը կարեւոր է, առավել եւս, եթե Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կայանա ԱՄՆ-ում: Վաշինգտոնը չի թաքցնում, որ Մեծ Մերձավոր Արեւելքում իր անբեկանելի դաշնակիցը Իսրայելն է, եւ վերջինիս կարծիքը կարեւոր է տարածաշրջանային իրավիճակին ԱՄՆ վերաբերմունքի ձեւավորման առումով: Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների հաստատումը իրավիճակին նոր գնահատականի նշան է: Միգուցե Մամեդյարովն այդ պատճառով է մեկնել Թեհրան:

Հայաստանի ԱԳՆ-ն նորից խոսում է Վիեննայի օրակարգի մասին, որը ժամանակին առաջ էր քաշել ԱՄՆ-ն: Նույն ժամանակ տարածաշրջան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ստեփանակերտում Կասպշիկի հետ հանդիպմանը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որ անվտանգության առումով բարձրանա կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ կանխվեն հնարավոր միջադեպերը: Նա նաեւ ընդգծել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրագործման ուղղությամբ ջանքերի շարունակման կարեւորությունը: