Նաիրի» շինարարական կազմակերպությունն ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պահպանման եւ շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները,

Նախարար Հակոբ Արշակյանը հրաժարվում է խոսել բանվորների հետ. նրանք պատրաստվում են փակել Եղվարդի ճանապարհըՀակոբ Արշակյան

«Նաիրի ՃՇՇ»-ի բանվորները երեկ հավաքվել են ընկերության գրասենյակում եւ պահանջել ապրիլ ամսվա իրենց աշխատավարձը։ Ընկերության տնօրինությունը մերժել է նրանց՝ ասելով, թե դեռ նախարարությունը գումարները չի փոխանցել։ Բանվորները մի քանի ժամ սպասելուց հետո հեռացել են՝ գրասենյակի տնօրենին նախազգուշացնելով, որ երկուշաբթի փակելու են Եղվարդի ճանապարհը։

«Նաիրի ՃՇՇ» ընկերությունը, հիշեցնենք, մոտ երեք տարի առաջ շահել է Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի նորոգման մրցույթը։ Բանվորները վստահեցնում են, որ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը եւ արդեն մոտ տասն օր է, ինչ սպասում են ապրիլի աշխատավարձին։ Սակայն տրանսպորտի նախարարը միանձնյա որոշել է, որ նրանք վատ են աշխատել, եւ զրկել է փողից։ Հիմքերից մեկը հայտնի է՝ մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում էր, որ Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում: Նախարար Հակոբ Արշակյանն այս մասին նշում է մայիսի 7-ին տարածած հաղորդագրության մեջ։ Նաեւ գրում է․ «Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին: Անորակ սպասարկման համար «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն ապրիլի 1-ից չի վճարվել, եւ 28.12.2015թ. կնքված պայմանագիրը կչեղարկվի»։ Ի՞նչ հիմքով է նախարարը որոշել, որ դուք ձեր պարտականությունները ժամանակին չեք կատարել։ «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ «Նաիրի ՃՇՇ» գլխավոր ինժեներ Վոլոդյա Նավասարդյանը նշեց․ «Ստուգումներ նախարարությունը չի կատարել, մեզ որեւէ տեղեկացում չի եղել այն մասին, որ մենք թերություններով ենք աշխատում, մեզ հետ երբեւիցե նախարարությունը չի կապվել, որեւէ հիմք՝ նման կոշտ միջոցներ կիրառելու, չի ներկայացրել մեզ, համենայնդեպս, մեզ հայտնի չէ նման հիմք, աշխատանքների որակի ստուգման ակտ չկա»։

Ընկերության տնօրեն Յագոր Խերիմյանն ասաց, որ նախարարին երեկ նամակ է ուղարկել, որտեղ մանրամասն բացատրել է, թե ինչպես են թաց եղանակին կատարվում փոսալցման աշխատանքները, որ խոնավ եղանակին փոսը չորացվում է, 170 ջերմաստիճանի ասֆալտը լցվում է, եւ անմիջապես ջուրը գոլորշանում է, որ ներկայում գործող չափանիշներով թույլատրված է փոսալցում կատարել նաեւ բարձր խոնավության պայմաններում։
Արդյոք ստուգումներ կատարե՞լ եք «Նաիրի ՃՇՇ»-ում։ Կարո՞ղ եք ներկայացնել ստուգման ակտ, ինչպե՞ս մեկ օրում որոշեցիք, որ ընկերությունը վատ է աշխատում, եւ պետք է բանվորներին զրկել աշխատավարձից։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը խուսափեց մեր հարցերին պատասխանելուց։ Նա ասաց, որ այդ հարցերին կպատասխանի իր մամուլի քարտուղարը։

Օրվա վերջում նախարարի խոսնակը պատասխան ուղարկեց, որն ավելի անհասկանալի էր, քան առաջին հաղորդագրությունը։ «Նախարարությունը «Նաիրի» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որեւէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն իրականացվում է «Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից: Ինչ վերաբերում է, որ նախարարությունն ապրիլի 1-ից տվյալ կազմակերպությանը վճարում չի կատարել, ապա տեղեկացնում ենք, որ «Նաիրի» շինարարական կազմակերպությունն ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պահպանման եւ շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները, դրանք իրականացրել է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին: «Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, եւ իր աշխատողների աշխատավարձերի վճարումը տվյալ շինարարական կազմակերպության խնդիրն է»,- ասված է Հակոբ Արշակյանի պատասխանում։

«Նաիրի ՃՇՇ» տնօրեն Յագոր Խերիմյանը վստահեցնում է, որ ապրիլ ամսվա կատարողականը ներկայացրել է մայիսի 2-ին, սակայն նախարարությունն այն չի ստորագրում։ «Իրենք վճարում են մեզ, մենք էլ՝ ժողովրդին,- ասաց նա,- մենք ապրիլի կատարողականը մայիսի 2-ին ներկայացրել ենք, բայց նրանք չեն ստորագրել։ Եթե իրենք գտնում են, որ մենք վատ ենք աշխատել, հիմքը ո՞րն է։ Կամ՝ ի՞նչ է ստացվում։ Մի կողմից ուզում են, որ թաց եղանակին չաշխատենք, մյուս կողմից էլ ասում են՝ ուշացնում ենք ժամկետները»,- ասաց նա։

Փաստորեն, նախարար Հակոբ Արշակյանը չի կարողանում նշել, թե ինչ հիմքով է հրաժարվում փոխանցել բանվորների աշխատավարձը։ Երկուշաբթի ընկերության աշխատակիցները որոշել են իրենց աշխատավարձը պահանջել վարչապետ Փաշինյանից։ Թե ինչ ձեւով կարտահայտեն բողոքը, առայժմ չեն որոշել։

ՀԳ․ Մենք խնդրեցինք աշխատանքային իրավունքի մասնագետ,  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք» բուհական դասագրքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ «Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատավարձը պետք է փոխանցվի ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։ Եթե աշխատանքի գնահատման արդյունք չի նշվել, այսինքն՝ իրենք ստուգում չեն կատարել կամ կատարել են, բայց արդյունքը չեն արձանագրել, ենթադրվում է, որ գործատուն ընդունել է աշխատանքը որպես որակյալ, հետեւապես պարտավոր է փոխանցել աշխատավարձը»,- ասաց պատգամավորը։ Իսկ եթե կատարողականը չի ընդունվե՞լ։ «Կատարողական ակտ ընդունելը հայեցողական լիազորություն է, եթե այն չի ընդունվում, դա կարող է  դատական վեճի առարկա դառնալ։ Ընկերությունը կարող է դիմել դատարան՝ աշխատավարձը հընթացս վճարելու պահանջով եւ կատարողական ակտն ընդունել եւ գնահատել պարտավորեցնելով։ Եթե որեւէ հիմք չկա աշխատանքն անորակ որակելու, ուրեմն գործում է Աշխատանքային օրենսգիրքը»։

Նախարար Հակոբ Արշակյա