Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից 3 ընկերություններ են դիմել դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից 3 ընկերություններ են դիմել դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել։ Այս մասին հայտնում է 168․am-ը։

«Մուլտի-Լեոն» ընկերությունն այս տարվա հունվարի 8-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՊԵԿ-ի ԽՄՎՀ տեսչություն-վարչության պետ Ա. Հովհաննիսյանի 17.12.2018 թվականի թիվ 6 և 7 որոշումները: Առաջին ատյանը մերժել էր դիմումի ընդունումը, սակայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին վարչական դատարանի որոշման դեմ «Մուլտի-Լեոն» ընկերության ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսինքն՝ գործը քննվելու է ըստ էության:

«Մուլտի-Լեոնի» երկրորդ հայցը ներկայացվել է մարտի վերջին: Ընկերությունը պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքում ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կազմած 17.01.2019թ. թիվ 3000858 ակտը: Նախնական դատական նիստը նշանակված է մայիսի 23-ին:

«Մուլտի գազ» ընկերության առաջին հայցը՝ ՊԵԿ որոշումն անվավեր ճանաչելու մասին, վարչական դատարանը մերժել է ընդունել վարույթ, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել է այդ որոշումը, և գործը նոր քննության է ուղարկվել մայիսի 2-ին:

«Մուլտի գազի» երկրորդ հայցն ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքով ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության կազմած 21.01.2019 թվականի թիվ 3001387 ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու /վերացնելու/ պահանջի մասին է: Դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 13-ին:

«Մուլտի Սերվիսն» ապրիլի 19-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության` 18.02.2019 թ. թիվ 3001612 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Առաջին նիստը նշանակված է հունիսի 18-ին: