Ռոբերտ Քոչարյանի որդու բանկային հաշիվներին 2 տարում շուրջ 18 մլն դոլարի մուտք է եղել. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զավեշտալի է համարում այն հանգամանքը, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չի առաջացել գործով մի շարք ուշագրավ տվյալների վերաբերյալ:
«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտարժույթների մուտքերի հանգամանքը»,- ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերը:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում եւ կախվածություն են ունեցել մեղադրյալից։
«Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Գործով մեղադրյալներ են այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում 10 անձինք են զոհվել, որոնց սպանությունների շղթայական բացահայտումն ակտիվ ընթացքի մեջ է։ Նման բարդ սխեմայի, մյուս կողմից քննության ակտիվ ընթացքի պարագայում ակնհայտ չէ արդյոք գործում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան»,–ընդգծեց նա:
Մեղադրող կողմը գտնում է, առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է: