Հեղափոխական պատասխան. աննախադեպ իրավիճակ

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը խորհրդարանում դատավորի երդման արարողությանն ունեցած ելույթում հայտարարել է, որ ներկայում կա Սահմանադրական դատարանի երկու դատավոր, մնացյալը ՍԴ անդամներ են, հետեւաբար ինքը՝ որ երկուսից մեկն է, ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկելու է Սահմանադական դատարանի մյուս դատավորի եւ անդամների հետ, համաձայնության գալու համար, բայց եթե նրանք չտան համաձայնություն, միեւնույն է դա չի փոխելու իր որոշումը:

Վահե Գրիգորյանն իր հայտարարությունը կառուցում է սահմանադրական ձեւակերպումների իրողության վրա: Բանն այն է, որ հին Սահմանադրությամբ Հայաստանն ունի ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ, այլ ԱԴ անդամի: Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ սահմանվել է նոր Սահմանադրությամբ:

Այդպիսով, Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի նախագահը այլեւս Հրայր Թովմասյանը չէ:

Այդ հայտարարությունն անկասկած դեռ շատ է քննարկվելու իրավական, սահմանադրական տիրույթում, դառնալու բանավեճերի առարկա, առաջացնելու ծափահարություն եւ հիացմունք, ու նաեւ սուր քննադատություն այսպես ասած ինքնահռչակության, Սահմանադրությունը ոտնատակ տալու եւ այլնի կապակցությամբ:

Ակնառու է, որ իրավիճակը շարունակում է գծվել հեղափոխական տրամաբանության մեջ, եւ այդ համատեքստում Վահե Գրիգորյանի հայտարարությունը պարունակում է շատ ավելի բազմազան շերտեր: Մասնավորապես, այդ հայտարարությունը կամա թե ակամա ստանում է ՌԴ դեսպանին ուղղված պատասխանի, եւ փաստորեն այդ իմաստով երկրորդ աննախադեպ պատասխանի բնույթ, որ Երեւանից հնչում է վերջին օրերի ընթացքում:

Առաջինն այն բանից հետո էր, երբ դեսպանը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանին: Մի քանի օր անց Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակայնացրեց փաստը, որ ՌԴ դեսպանն այդ հանդիպումից հետո հրավիրվել է ԱԳՆ ու եղել է «զրույց ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»:

Եվ ահա, հունիսի 20-ին տարածվեց տեղեկություն այն մասին, որ ՌԴ դեսպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Մի քանի ժամ անց խորհրդարանում իր՝ որպես ՍԴ դատավորի երդման արարողությանն ունեցած ելույթում Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն է ստանձնում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:

Այն, որ Վահե Գրիգորյանի առաջադրումն իսկ նշանակում էր ՍԴ նախագահի կարգավիճակից Հրայր Թովմասյանի հրաժարականի գործընթաց, աներկբա էր: Սակայն իրավիճակը փաստացի զարգանում է շատ ավելի արագ, քան կարող էր սպասվել առաջին հայացքից: Այդ իմաստով էլ հատկանշական է դառնում Վահե Գրիգորյանի հայտարարության եւ ՌԴ դեսպան-Հրայր Թովմասյան հանդիպման զուգորդումը:

Անկասկած է, որ Գրիգորյանի հայտարարությանն իրազեկ է եղել վարչապետ Փաշինյանը, հաշվի առնելով, որ խոսքը լրջագույն քաղաքական-հեղափոխական ակտի մասին է, որը վերաբերում է Բարձր դատարանում հեղափոխական փոփոխության:

Կանե՞ր Վահե Գրիգորյանն այդպիսի հայտարարություն, եթե չլիներ ՌԴ դեսպանի նախաձեռնությունը՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպման առումով: Թե՞ հակառակը՝ ՌԴ դեսպանն է ունեցել տեղեկություն խորհրդարանում ՍԴ նոր դատավորի երդման արարողությանը հնչեցվելիք քաղաքական-հեղափոխական հայտարարության կամ որոշման մասին, եւ դրանից հետո է նախաձեռնել հանդիպում Հրայր Թովմասյանի հետ:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, թե արդյոք ՌԴ դեսպանը փորձել է աջակցություն հայտնել Թովմասյանին եւ հորդորել, որ նա դիմադրի Վահե Գրիգորյանին, թե՞ հակառակը՝ հորդորել է, որ դիմադրությունն իզուր է:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գործը ներկայում գտնվում է Սահմանադրական դատարանում:

Միաժամանակ, ստացվում է, որ Սահմանադրական դատարանի ուղղությամբ ծավալվող գործընթացն ընդգծված կերպով շոշափում է հայ-ռուսական հարաբերության դաշտը, դրանում տեղի ունեցող աննախադեպ երեւույթներով: Գործնականում այդ աննախադեպությունը սկսվել է Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, քանի որ անհնար էր դիտվում եվրասիական ակումբում ռուսական փականի ներքո հայտնված Հայաստանում այդօրինակ զարգացում: Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը ինքնին վկայում է այն մասին, որ իրադարձությունն ամենեւին չափելի չէ պարզունակ կամ միագիծ եզրակացություններով կամ հետեւություններով:

Այդ իմաստով, կարո՞ղ են հայ-ռուսական այս աննախադեպությունները գալ այնպիսի հաշվեկշռի, որ ինչ որ պահից արդեն վերածվեն իրապես միջպետական հարաբերությանը բնորոշ օրինաչափության, երբ այլեւս չի լինի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցների անհրաժեշտություն, քանի որ կողմերի համար դա արդեն կլինի երկկողմ հարաբերության չգրված «սահմանադրություն»:

Post Author: admin