Պետությունը պետք է վարկեր ունեցող ընկերություններին երկարաժամկետ գումարներ տրամադրի, քանզի վիրուսի պատճառով եկամուտ չեն ստանում և չեն կարող մարել դրանք. տուրիզմի մասնագետ

Կան զբոսաշրջային ձեռնարկություններ, տուրիստական ընկերություններ, հյուրանոցներ, որոնք վարձակալական հիմունքով էին աշխատում, իսկ հիմա չեն կարողանում վարձը վճարել. նշեց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության ՀԿ խորհրդի նախագահ և ԵՊՀ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

«Զբոսաշրջիկ չկա, սպառող չկա և դրանից բխում է նաև մյուս խնդիրները: Ձեռնարկությունները, որոնք ունեն վարկային պարտավորություններ, չունեն եկամուտ, որպեսզի վճարեն: Պետությունը հիմա աջակցման ծրագրեր է մշակում, բայց պետք է հաշվի առել այն հանգամանքը, որ օժանդակող ծրագրերը կարող են ավելի խորացնել ֆինանսական բեռը»,- ասաց նա:

Գոռ Ալեքսանյանի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններից շատերը՝ տուր օպերատորներ, գործակալ, հյուրանոցներ և այլն օգտվել են Կառավարության աջակցության ծրագրերից: Սակայն արդյո՞ք բոլոր ընկերություններն են կարողացել այդ ծրագրերում ներգրավվել: 

«Հաշվի առնելով տուրիզմի սեզոնային բնույթը՝ պետության օժանդակությունը պետք է լինի օժանդակություն և ոչ թե միայն գումարի տրամադրում, քանի որ գումարի տրամադրումը ևս կարող է հետագայում մեծացնել ֆինանսական բեռը: Օրինակ՝ ես վերցրել եմ 10 մլն դրամ պետական օժանդակություն, և մինչև 3 կամ 6 ամիս պարտավորություն ունեմ, բայց 3 ամիս հետո, պետք է գումարը վերադարձնել, սակայն վիրուսը դեռևս շարունակվում է: Սա ի՞նչ է նշանակում, որ երեք ամիս հետո պետք է գումարը վերադարձնեմ, բայց դեռևս տուրիստ չունեմ և առաջանում է նոր ֆինանսական խնդիր: Դրա համար պետք է տրամադրվեն երկարաժամկետ կամ անտոկոս գումարներ, և գումարը վերադարձնել ոչ թե 6 ամիս, այլ մեկ տարի հետո»: 

Գոռ Ալեքսանյանի կարծիքով՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է կարճաժամկետ մարտավարություններ մշակել՝ հաշվի առնելով նաև հայ և օտարազգի զբոսաշրջիկների մշակութային առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ վերջին 9 տարիների ընթացքում ներքին զբոսաշրջության կայուն աճ է տեղի ունեցել: 2019-ին 1-1.5 մլն-ից ավել ներքին զբոսաշրջիկ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ ունենք ներքին ճամփորդողների պոտենցիալ:

«Հետևաբար՝ այդ ընկերությունները պետք է այդ մարդկանց ճիշտ ծառայություններ և փաթեթներ առաջարկեն: Պետք է առաջարկվող փաթեթների գներն իջեցնեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարդկանց մոտ, վիրուսով պայմանավորված, առաջացել է ֆինանսական հոսքերի նվազում: Հայաստանում կան 540-ից ավելի զբոսաշրջային օպերատորական գործակալական ընկերություններ, որոնք նմանատիպ ծառայություներ են առաջարկում և եթե բոլորն աշխատեն, ապա ներքին շուկայում մեծ մրցակցություն է առաջանալու, հետևաբար՝ պետք է գնային քաղաքականությունը վերանայել: Պետք է գործեն նաև իրավական մեխանիզմներ, որպեսզի հստակեցվեն, թե ի՞նչ չափանիշներ են անհրաժեշտ հետագա աշխատանքը շարունակելու համար»,- ասաց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության ՀԿ խորհրդի նախագահ և ԵՊՀ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Ալեքսանյանը: 

Post Author: admin