Մեր շինարարության խնդիրների 99 %-ը բնակիչների ռեկետի հետևանք է. տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի, կոնդիցիոներ առ՝ չեմ բողոքի, իսկ դա սարսափելի է. Արթուր Մեսչյան

Կառուցապատողները, որոնց շինարարությունն ագելվում է շինթույլտվության դեմ բնակիչների բողոքը վարույթ ընդունելու պահից, այսօր քննարկում էին նախաձեռնել, որտեղ խոսում էին ոլորտին առնչվող խնդիրների մասին: Նրանք նշում էին, որ  կառուցապատողներին պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, և որ այդ օրենքում փոփոխություն է անհրաժեշտ:

Կառուցապատողների խոսքով՝ բացի այդ, ժամանակի խնդիր ունեն. բարենպաստ եղանակային պայմաններում շինարարություն իրականացնելն արդյունավետ է:

Նրանք նշում են, որ եթե իրենց համար դրական փոփոխությունները արվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա իրենք կկորցնեն ոչ թե չորս-հինգ ամիս, այլ մեկ ամբողջ տարի՝ կարևորելով ժամ առաջ օրինագծի հաստատումը, որովհետև այս տաք ամիսները շինարարի համար արդյունավետ են

«Հարկավոր է ժամ առաջ այս օրենսդրական փոփոխությունները կատարել, շինարարությունը պետք է սկսվեր մայիսին ու շարունակվեր հունիս, հուլիս, օգոստոսին, սեպտեմբերին՝ օրինագծի հաստատման պարագայում շինարարության վերսկսումն անարդյունավետ է, առջևում ձմեռ է»,-ասաց իրավաբան Արմեն Հարությունյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան, ում հավաստմամբ կա երկու ճանապարհ․

«Միգուցե մենք կարողանանք մեր ոլորտում ստեղծել այն հիմնաքարը, որի շնորհիվ կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ, կամ՝ մենք վերադառնում ենք իրավական դաշտ և խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք շարունակ։ Պետական փորձաքննության վերաբերյալ ես զեկուցել եմ ամենաբարձր մակարդակով։ Ցավոք, մինչ այսօր այդ հարցը չլուծված է մնացել»,-ասաց Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը՝ պետական մաքսիմալ գրագետ էքսպերտիզայի եզրակացությամբ։

«Դա կլինի այն զենքը, որով կպայքարենք այս ռեկետի դեմ։ Մեր շինարարության խնդիրների 99 տոկոսը բնակիչների ռեկետի հետևանք է։ Դա սարսափելի է բարոյահոգեբանական տեսակետից։ Կոնդիցիոներ կտաս՝ չեմ բողոքի, տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի, սրանից մենք պետք է դուրս գանք։ Մեզ հարկավոր է նախագծային փաթեթ՝ հաստատված պետական բարձրագույն փորձաքննությամբ, որպեսզի խնդիրների դեմ պայքարել ստացվի»,-ասաց Մեսչյանը:

Քննարկման մասնակից իրավաբան Արմեն Հարությունյանը կառուցապատողների շրջանում կազմակերպված քննարկման ընթացքում անդրադարձավ կասեցված շինարարությունների խնդրին` նշելով, որ կառուցապատողների նպատակն է՝ ստեղծված իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաև կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։

Նշենք, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, ըստ որի՝ քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։ Այդ հիմքով շինարակական աշխատանքները արգելվում են և կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։

Քննարկմանը մասնակից Հարությունյանի պնդմամբ՝ կառուցապատողներին պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, քանի որ նրանք էլ իրենց բացատրությունն ու պարզաբանումն ունեն շինարարությունների թույլտվության ու կասեցման հետ կապված։

Post Author: admin