Օղակաձև զբոսայգու տարբեր տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են


«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարածքներ վարձակալած, կառուցապատում իրականացրած անձանց և ընկերություններին: Այս անգամ անդրադառնում ենք զբոսայգու 4-րդ հատվածին:

Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի «Հետք»-ին տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տարբեր տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց թվում են՝ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքը, Երևանի քաղաքապետի նախկին գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին, ինչպես նաև «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ ԱՄՆ ձերբակալված անձինք:

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1117 քմ մակերեսով հողամաս է վարձակալել «Արձակուրդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը «Օղակաձև»-ում է 2001 թվականից: Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հուլիսի 26-ին, որն ուժի մեջ է մինչև 2035 թվականի մայիսի 22-ը: Հողամասը տրամադրվել է սրճարանի, բարեկարգման և կանաչապատման նպատակով: Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը 3 միլիոն 225 հազար դրամ է:

«Արձակուրդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում այժմ ռեստորան է գործում:«Արձակուրդ» ՍՊԸ-ն հիմնադրել է Հրայր Գևորգյանը 1997 թվականին: 2001 թվականին ընկերության 25-ական տոկոսի բաժնետեր են դարձել և մինչև օրս շարունակում են մնալ ոստիկանությունում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Լյուդվիգ Սարգսյանի կինը՝ ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս Ռուզան Տեր-Գրիգորյանը, ինչպես նաև այդ ժամանակ վարչապետի խորհրդատուի պաշտոնը զբաղեցնող Արարատ Գոմցյանի որդին՝ Դվին Գոմցյանը: 2010 թվականին էլ ընկերության 25-ական տոկոսի բաժնետերեր են դարձել հենց Լյուդվիգ Սարգսյանը, որն այդ ժամանակ թոշակի էր անցել, և Արարատ Գոմցյանը՝ այդ պահին զբաղեցնելով Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը (մինչև 2017թ.): Ինչ վերաբերում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանին, ապա նա 2009 թվականից մինչև վերջերս «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն էր:

Post Author: admin