Մարդկանց ուղեղում սարք դնելու տեխնոլոգիա չկա. փորձագետը՝ 5G-ի միջոցով չիպավորման «զառանցանքների» մասին

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հինգերորդ սերնդի բջջային կապը կամ 5G տեխնոլոգիան, գալիս է փոխարինելու Հայաստանում տարածված 3G և 4G ցանցերին և խոստանում է կապի հեղափոխական արագություն: Հայաստանում և շատ այլ երկրներում 5G կապը ընկալվում է որպես չիպավորման, կոդավորման, զոմբիացման համար ստեղծված տեխնոլոգիա: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչի համար է 5G կապը, ինչպես է աշխատում, ինչ օգուտ կարող տալ, ինչ հնարավոր վտանգներ ունի, որքանո՞վ է տեխնիկապես այսօր հնարավոր մարդկանց չիպավորել, կոդավորել, կորոնավիրուսի թեստի միջոցով մարմնի մեջ թաքուն նանոչիպեր տեղադրել և այլն: «Մենք գտնվում ենք 4G-ի ժամանակաշրջանում և արդեն ուզում են ներդնել հաջորդ սերնդի բջջային կապը, որն ավելի արագ և հուսալի է: 5G-ն մարդկանց համար առանձնապես անհրաժշտ չէ, այսինքն, եթե 4G-ին իր ամբողջական հնարավորություններն օգտագործի, մենք արդեն իսկ կունենանք մեզ բավարարող կապ: 5G-ի իմաստը հիմնականում սարքերի կառավարումն է, այսինքն այն թույլ կտա արագացնել իրերի ինտերնետ կոչվածը. վճարումները ավտոբուսներում, գործարաններում, սարքերի կառավարումը: 5G Հայաստանում չկա և կարծում եմ առաջիկա 3-5 տարում չի լինի: Մարդիկ ինչ-որ կայաններ են տեսնում, ասում են այս համակարգինն է, բայց դրանք արդեն եղած բջջային կապինն են, որոնք տարիներով տեսել են, պարզապես ուշադրություն չեն դարձրել»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ 5G-ն մյուսներից տարբերում է հաճախականության կտրուկ աճով, բայց կարճ ռադիոալիքներով և հենց այս յուրահատկությունից ելնելով՝ կայանները պետք է ավելի խիտ լինեն, մոտավորապես 100 մետր հեռավորության վրա: Խոսելով 5G-ի ազդեցության մասին՝ Մարտիրոսյանը նկատեց՝ 100%-անոց բան չկա. «Կան ուսումնասիրություններ, որոնց մեծամասնությունն ասում է, թե ազդեցություն չկա՝ հաշվի առնելով թույլ հզորությունը, բայց մարդկությունը չունի երկարաժամկետ փորձ անընդհատ գտնվելու ճառագայթման ցանցի մեջ: Բնականաբար ճառագայթումը բացարձակ անվտանգ չէ և անգամ խորհուրդ է տրվում հեռախոսներով երկար չխոսել, ինչն արդեն նշանակում  է, որ այս ամենը բուժիչ չէ: Բայց խոսակցությունները, որ այն մարդկանց տալիս, փռում է գետնին, դրանք էլ են անհիմն: Էլ չեմ խորանում զառանցանքների մեջ, որոնք սկսվում են նրանից, թե ճառագայթումը կարող է բերել իմունային համակարգի թուլացման, այնուհետև՝ մարդկանց հիվանդացնում է, կորոնավիրուսով սրա միջոցով են վարակում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է չիպավորման վերաբերյալ տարածված խոսակցություններին, ապա Մարտիրոսյանն ասաց՝ որքան լավն է բջջայինը, կայանները խիտ են, այդքան հեշտ է անձի գտնվելու վայրը իմանալ. «Հիմա էլ Հայաստանում գործում է համակարգ, որը մեր տվյալները հավաքագրում է: Եթե լինի 5G, կայանները կլինեն մոտ, բնականաբար մարդկանց գտնվելու տեղանքը ավելի հեշտ կլինի պարզել, բայց դա չի նշանակում, թե մարդկանց կարող են չիպավորել, որովհետև նախ տեխնոլոգիա չկա մարդկանց ուղեղում ինչ-որ սարք դնելու: 5G-ի մասին անագրագետ խոսակցությունները զոմբիացման տպավորություն են թողնում, մարդիկ իրական խնդիրները թողած՝ քննարկում են անհեթեթություններ: Երբ մարդիկ պայքարում են սխալ բաների դեմ, իրականում գոյություն ունեցող խնդիրներն են ծածկադմփոց անում»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը: 

Post Author: admin