Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Վարդենիսում

Երեկ՝ հունիսի 27-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Հարությունյանի վրա կրակել են «ԱԿ» ինքնաձիգից, երբ նա առաջին մուտքի աստիճաններով տուն բարձրանալիս է եղել և առաջին հարկի աստիճանների վրա էլ դարանակալած անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների վայրում հայտնաբերել են 19 հատ «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, շքամուտքում էլ արնանման, իսկ շքամուտքի պատերին՝ կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Post Author: admin