Հրապարակ.Դատական դեպարտամենտի դռները բաց են այս պահից սկսած, և միշտ են բաց եղել.Կարեն Փոլադյան

Դատական դեպարտամենտում ամեն ինչ՝ առանց բացառության, թափանցիկ և բաց է

Ազգային անվտանգության ծառայությունը մտել է Սնանկության դատարան ու դուրս չի գալիս։ Երկու դատավորի քրեական հետապնդման ենթարկելուց հետո հիմա էլ Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի գործողություններում է ԱԱԾ-ն պաշտոնեական դիրքի չարաշահում հայտնաբերել՝ կապված մի շարք աշխատակիցների օրենքի խախտմամբ ինչ-որ հաստիքներում հրամանագրելու հետ։ 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Ու քանի որ Սնանկության դատարանն ու իր աշխատակազմը գտնվում են Դատական դեպարտամենտի կազմում, ուստի փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից։

«Բնականաբար, արդեն տեղյակ ենք, որովհետև հաղորդագրությունից հետո փորձել ենք հասկանալ նաև, թե ինչ է կատարվել, բայց գիտեմ այնքանով, որքանով մամուլը հրապարակել է»,-ասաց Կարեն Փոլադյանը։


-Պարոն Փոլադյան, դատարանի նախագահները, աշխատակազմի ղեկավարներն իրենց գործողություններում ձեզ հաշվետվություն չե՞ն ներկայացնում, դուք այդ ամենը չե՞ք ստուգում։

-Դատարանի աշխատակազմի ղեկավարի մասին է, և, իմ ունեցած տեղեկություններով, խոսքը վերաբերել է տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, որոնք որ, էսպես ասեմ, լայն առումով Դատական դեպարտամենտի տիրույթում չեն։ Դատարանների տեխնիկական սպասարկում իրականացրած անձանց նշանակումը և ազատումն իրականացվում է աշխատակազմերի ղեկավարների կողմից յուրաքանչյուր դատարանում։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ԱԱԾ-ն Սնանկության դատարանից դուրս չի գալիս, նախ՝ դատավորները, հիմա՝ աշխատակազմի ղեկավարը, ինչո՞վ է խնդրահարույց այդ դատարանը։

-Հարցին կդժվարանամ պատասխանել, կխնդրեմ հարցն ուղղել ԱԱԾ-ին, որովհետև այս պահին միջոցառումներն իրենք են իրականացնում, և կարծում եմ՝ ես ճիշտ հասցեատեր չեմ այդ հարցով։

-Դուք Դատական դեպարտամենտի ղեկավարն եք, ֆինանսական շարժերը Դուք եք տնօրինում, ԱԱԾ-ն ձեզ մոտ էլ ստուգումներ իրականացրե՞լ է։

-Այս պահին որևէ ուսումնասիրություն էստեղ չի իրականացվել, բայց ցանկացած պահի ոչ միայն ԱԱԾ-ի համար, այլև ցանկացած մարմնի համար, որը դրա լիազորությունն ունի, Դատական դեպարտամենտի դռները բաց են այս պահից սկսած, և միշտ են բաց եղել։

-Ինքներդ՝ որպես պաշտոնատար անձ, որևէ մտավախություն չունե՞ք, որ Ձեզ հետ կապված էլ կարող է չարաշահում  կամ այլ խնդիրներ հայտնաբերեն։

-Ի՞մ լիազորությունների տիրույթում եք ասում։ Միանշանակ վստահ եղեք, որ էստեղ չի կարող էդպիսի բաներ լինել, և, առհասարակ, Դատական դեպարտամենտում ամեն ինչ՝ առանց բացառության, թափանցիկ և բաց է։ Ես կարծում եմ՝ Դուք առիթ ունեցել եք դրա մասին տեղեկանալու, և եթե անհրաժեշտություն ունեք ավելի մոտիկից տեղեկանալու, նորից եմ ասում, էլի բաց ենք։

-Պարզապես, այդ նույն Սնանկության դատարանի դատավորներին կամ աշխատակազմի ղեկավարին էլ, եթե հարցնեինք, իրենք էլ կասեին՝ թափանցիկ ու բաց են իրենք, որևէ խնդիր չկա իրենց մոտ։ Բայց տեսանք, որ կար։

-Կարծում եմ՝ իմ գործունեությունը բոլորի ուշադրության կենտրոնում է, և ինքս իմ գործողությունների վերաբերյալ արձագանքելը, չգիտեմ, Դուք ի՞նչ ձևի եք այլ կերպ պատկերացնում։ Նորից եմ կրկնում՝ Դատական դեպարտամենտը բաց է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության, այլ ուսումնասիրություն իրականացնելու լիազորություն ունեցող ցանկացած մարմնի համար, այս պահից սկսած։

Post Author: admin