Պարո՛ն վարչապետ, Ռուսաստանում ուզում են ձեր գյուղացիների համար շուկաներ ստեղծել, իսկ Հայաստանում գյուղացիներին հանում են շուկայից. Գյուղմթերքի շուկայի փակման դեմ ակցիայի մասնակից

Կառավարության առջև այսօր բողոքի ակցիա անցկացրին Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղատնտեսական ապրանք վաճառողները։

Նշենք, որ Քաղաքապետարանը որոշել է փակել Կասյան–Կոմիտաս խաչմերուկում երկար տարիներ հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական շուկան։

Գյուղացիները նշում են, որ որպես այլընտրանք իրենց առաջարկում են Հրազդանի ստադիոնի հարևանությամբ գտնվող տարածքը, սակայն նրանք համաձայն չեն այս տարբերակին: Հայկ Բաղդասարյանը, որը անցած տարվանից տոնավաճառի ղեկավարն է, նշեց, որ նոր տարածք տեղափոխվել չցանկանալու պատճառն այն չէ, որ իրենց տարածքը չի գոհացնում, այլ այն, որ գյուղացին պատրաստ չէ իր ապրանքը փչանալու հաշվին նոր տոնավաճառի սպասելու։

Հարցին՝ ինչ են պատրաստվում անել Կառավարության պատասխանից հետո, նա նշեց, որ Կառավարության ոչ մի պատճառ հիմնավորված չէ, որովհետև նույն պատճառները, որ թվարկում են, կարող է առաջանալ իրենց առաջարկած մյուս տարածքներում ևս, եթե խնդիրներ կան, պատրաստ են քննարկել ու դրանք վերացնել, եթե դրանք իհարկե կան:

Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ ամբողջ հարցը առաջացավ, երբ 2011 թվականից արգելեցին թվականից Կասյանի տոնավաճառը, որը գյուղացիների համար գործում էր շաբաթ և կիրակի օրերին: «Պարոն վարչապետ, ամբողջ Ռուսաստանում ուզում են ձեր գյուղացիների համար շուկաներ ստեղծել, իսկ Հայաստանում գյուղացիերին հանում են շուկայից, գյուղացիներին ցույց են տալիս բանկերի տեղը: Պարոն վարչապետ, գյուղացիները ակնկալում են Ձեր ուղիղ միջամտությունն այս հարցին»,- ասաց նա:

Այլ տեղը նշանակում է նոր սկսենք, մարդը նոր սկսելու համար ժամանակ չունի, մանավանդ այսօր:

Հայկ Բաղդասարյանն էլ հավելեց, որ գյուղացիներին հորդորում են հող մշակել, հիմա ուզում են ինչքան հնարավոր է գյուղացին կարողանա  ինքնարժեքը ցածր գնով ապրանք ունենա: «Այսօր ունենք հասունացած ապրանք և արդեն իրացման խնդիր ունենք, մարդիկ պլանավորած այդ տոնավաճառի համար բերք են դրել, հիմա ասում են՝ տոնավաճառ չի լինելու, ախր ինչո՞ւ չի լինելու, տոնավաճառ սարքելը երկար աշխատանքներ է պահանջում, ապրանքը պետք է փչանա»,- ասաց նա:

Բաղդասարյանը ընդգծեց՝ իրենք Կառավարությանը դեմ չեն, այստեղ ոչ ոք ուղարկած մարդ չէ, բոլորն իրական գյուղացիներ են, և իրենց ոչ մեկի հետ չպետք է խառնեն: «Մենք ուզում ենք, որ Կառավարությունը այս հարցին լուծում տա, ծիծաղելի է, սա այն հարցը չէ, որ այսքան ձգձգվել է: Մեր նպատակն այն է, որ անմիջապես վարչապետն իմանա, հունվար ամսվանից այս խնդիրը կա ու չի լուծվում»,- ասաց նա:

Տոնավաճառը փակելու պատճառներից մեկն էլ, ըստ Բաղդասարյանի, այն է, որ հարակից տնտեսվարողները դժգոհում են, թե իրենց մոտ առևտուրը քիչ է լինում. «Գյուղացին  իրավունք չունի՞ երկու օր իր ապրանքը նորմալ իրացնել, թե ճակատին գրած է՝ որ ինքը պետք է ջրի գնով տա, իսկ ինչ-որ մեկը մի քանի անգամ թանկ պետք է վաճառի ու փող աշխատի»:

Հարցին էլ՝ Կառավարությունից արձագանք չկա, ի՞նչ են պատրաստվում անել, նա նշեց, որ գյուղացիներից մի քանի հոգի տուգանվեցին դիմակը ոչ ճիշտ կրելու համար, սպառնալիքը կա, որ կարող են ուղղակի ցրել։

Post Author: admin