«Համայնքը սոված կոտորվում է, շահագործե՛ք Ամուլսարի հանքը». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

«Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք, մենք Ձեզ հավատում ենք, եթե հնարավոր է` իջե՛ք, մեզ լսե՛ք, պատասխան տվե՛ք: Մենք մեր հողի վրա ապրել ենք ուզում, մենք մեր թշնամին չենք, հայ ենք, արարող, ստեղծող մարդիկ ենք»,— ասաց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներից մեկը՝ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ:

Աշխատակիցների պահանջը կառավարությունից մեկն է՝ գործարկել Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ  արդեն երկու տարի է՝ գործազուրկ են: Բնակիչներից մեկն էլ նշեց, որ 60-70% աշխատում էին այն ժամանակ, իսկ շահագործումից հետո փաստացի գործազուրկ են:

«Մենք պահանջում ենք կառավարությունից մեր խնդրին լուծում տալ: Ես ասում եմ աշխատող մարդիկ ենք ու կառավարության դեմ չենք պայքարում, իսկ ոստիկանները եկել, ասում են բերման ենք ենթարկելու: Ամբողջ համայնքը սոված կոտորվում է, եկել ասում ենք մեր աշխատանքի իրավունքը վերականգնեք»,-ասաց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից Նարեկ Հովհաննիսյանը:

Ըստ աշխատակիցների՝ իրենք երկու տարի լուռ սպասել են. «Մոտ 2000 հոգի պայքարում են նույն խնդրի համար, մնացել ենք առանց աշխատանքի: Վախի մթնոլորտ է տիրում երկրում. վերացրե՛ք և կտեսնեք իրական պատկերը: Մենք ցուցարար ու բարձ գոռացող չենք: Մարդիկ տները թողել, գնացել են ուրիշ երկիր, որովհետև ապրելու այլ միջոց չունեն: Մենք մեր վարչապետին շատ հարգում ենք, շնորհակալ ենք շատ, որ ազատեց այն ռեժիմից, որի մեջ գտնվում էինք»,- նկատեց Նարեկը:

Աշխատակիցները մտահոգված են, եթե վարչապետը այցելեց, ասաց, որ իրավական ոչ մի փաստ չկա Ամուլսարը փակելու, ուրեմն ինչ իմաստ ունի այսքան ձգձգելը, ինչի հետ է կապված. «Դա քաղաքական բնույթ է կրում, հասկանում ենք, թե ովքեր են դեմ, ինչու են դեմ, պարոն Փաշինյանն էլ դա գիտի: Հենց հիմա մեզ ասեք՝ ինչ ենք անելու, մարդիկ սոված կոտորվում են, եկել, հասել են էստեղ, որ լուծվի այս խնդիրը»,— նկատեց աշխատակիցը: 

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ մարդիկ չգիտեն՝ ինչի համար իրենք հիմա չեն աշխատում:

«Ամուլսարը փակելով՝ ուր կհասնի մեր երկիրը. թշնամիները հարստանում են, մենք՝ սնանկանում»,- ասաց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներից մեկը:

Post Author: admin