igure>Ժիրայր Սէֆիլյանն վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված Ոստիկանության կենտրոնական բաժին։

 Ժիրայր Սէֆիլյանի փաստաբանը՝ Մուշեղ Շուշանյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Սէֆիլյանի գործի հետ կապված մանրամասները. «Սէֆիլյանը կանչվել էր հարցաքննության որպես վկա, իհարկե, ծանուցագրում քրեական գործի մասին նշված չէր, միայն քրեական գործի համարն էր նշված: Քննիչը մեզ տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից և այն հարուցվել է 168.am լրատվական կայքում հրապարակված պրն. Սէֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը հրապարակելու կապակցությամբ»,- նշեց նա:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց այդ դեպքը. «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, շատ դատական նիստեր տեղի չէին ունենում, և շատ անգամ մենք էին միջնորդություն ներկայացնում, որ նիստերը հետաձգվեն՝ այլոց առողջությունը վտանգի տակ չդնելու համար: Եվ այնպես է ստացվում, որ տղաների՝ նիստին չներկայանալը պատճառ է դառնում, որ դատավոր Մեսրոպ Մակյանը  տղաներին բերման ենթարկելու որոշում կայացնի: Հաջորդ օրը պրն. Սէֆիլյանը ֆեյսբուքում գրառում է կատարում, որում նշված էր, որ դատավոր Մակյանը և հանցավոր ռեժիմի մյուս գործիքները պարտադիր պատասխանատվության են ենթարկվելու: Այդ գրառումը 168.am-ը հրապարակում է, ինչն էլ ոստիկանության բաժինը հիմք է ընդունում: Ոստիկանության բաժինը որոշել է քրեական գործ հարուցել դատավորին զրպարտելու հանցակազմ նախատեսող հոդվածով: Մենք ընդամենը հայտարարեցինք, որ վերահաստատում ենք մեր այդ մոտեցումը. դա վերաբերում է ոչ միայն դատավոր Մակյանին, այլև բոլոր այն քննիչներին, դատավորներին, դատախազներին, ոստիկաններին, որոնք այս անցած տարիների ընթացքում եղել են ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմների գործիք և քաղաքական շարժառիթներով ու նպատակներով ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացրել անմեղ մարդկանց նկատմամբ: Նրանք մի օր կանգնելու են հայ ժողովրդի արդարադատության առաջ»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ քրեական հետապնդում հարուցելը պայմանավորված է ընդդիմադիր դիրքավորմամբ:

Մուշեղ Շուշանյանը հաստատեց, որ Սէֆիլյանի ֆեյսբուքյան գրառման մեջ որևէ զրպարտություն չկար դատավորի նկատմամբ. «Պրն. Սեֆիլյանը արտահայտել է իր կարծիքը՝ օգտվելով սահմանադրական իրավունքից: Ես նաև քննիչին բանավոր փոխանցեցի, որ մենք առատ փաստական նյութ ունենք ոչ միայն դատավոր Մակյանի, այլև այլ դատավորների, դատախազների, քննիչների քննած գործերի վերաբերյալ, որտեղ քաղաքական շարժառիթներով հետապնդման էլեմենտը և ապօրինի քրեական հետապնդման հանգամանքը հիմնավորում եմ.  մենք ըստ անհարժեշտության կորոշենք՝  երբ դրանք կներկայացնենք»,- ընդգծեց Շուշանյանը:

Ըստ փաստաբանի, Թավշյա հեղափոխությունից հետո  նախկին համակարգը չի փոխվել, մնացել է նույնը. «Հեղափոխություն տեղի չի ունեցել, իշխանափոխություն է տեղի ունեցել, եղել է միայն անձերի փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ է եկել իշխանաության»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: 

Post Author: admin