Երեւանն ու Ստեփանակերտը անցնում են գործի՞. պաշտպանության նախարարի զգուշացումը

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մասիս Մայիլյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տավուշյան իրողությունները, ռեգիոնալ անվտանգային վիճակը, արցախյան գործընթացն ու հայկական կողմերի անելիքները:

Երկու նախարարները Երեւանում ընդգծել են լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։ Միեւնույն ժամանակ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները»:

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարների երեւանյան հանդիպումը պարունակում է երկու առանցքային ազդակ: Նախ, Երեւանն ու Ստեփանակերտը ազդարարում են հրադադարի վերահսկման եւ հետաքննության մեխանիզմների հրամայականը: Այստեղ անշուշտ առաջանում է հարց, թե որքա՞ն է այն սկզբունքային տեղ զբաղեցնում հայկական կողմերի հետագա օրակարգում: Այն, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պահվածքն ու վարքագիծը Հայաստանին ու Արցախին այդ հարցում տալիս են կոշտ եւ անզիջում դիրքորոշման միանգամայն լեգիտիմ հիմք, կասկածից վեր է: Միեւնույն ժամանակ, նույնքան անկասկած է, որ անկախ այդ ամենից, հայկական կողմերի համար հարցը չունի համարժեք «փոխարինում», քանի որ մնացյալ բոլոր օրակարգային հաջորդականությունները ծառայում են ընդամենը որպես ադրբեջանա-թուրքական շանտաժի «կամուֆլյաժի» տարատեսակ:

Մյուս կարեւոր ազդակն այն է, որ արտգործնախարարների հանդիպմանը բարձրաձայնվում է անվտանգային համակարգում Հայաստան-Արցախ գործակցության բովանդակության եւ իրավական հիմքի զարգացման անհրաժեշտությունը: Հազիվ թե խոսք լինի Արցախի ճանաչման մասին, բայց կարող է իրավական հիմքի զարգացման ներքո ուրվագծվել Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական պայմանագիրը, որպես ռեգիոնալ անվտանգային նոր համակարգի եւ կառուցվածքի իրավա-պայմանագրային բազայի ընդլայնում:

Այդ պայմանագրի մասին ապրիլյան քառօրյայից հետո բարձրաձայնել, սակայն թերեւս քաղաքական լեգիտիմության ճգնաժամի հետեւանքով պահը բաց է թողել Սերժ Սարգսյանը: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը Հայաստանին ու Արցախին ընձեռել է նոր պահ՝ իրավիճակը իրավա-քաղաքական նոր հարթություն բերելու համար, այն բանից հետո, երբ Տավուշում հայկական բանակն այն բերեց ռազմա-քաղաքական նոր հարթություն:

Ընդ որում, այդ իմաստով հատկանշական է, որ Երեւանում դիվանագիտական-քաղաքական կարեւոր ուղերձների ֆոնին, Ստեփանակերտից էլ կարեւոր ուղեկցող, այսպես ասած դիվանագիտությանը «թիկունքային» ուղերձ է հղել Հայաստանի պաշտպանության նախարարը, որն այցելել էր Արցախի մայրաքաղաք: Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարություններին, թե պատրաստ են եւ սպասում են Ալիեւի հրամանին, հայտարարել է, թե այնպես չէ, որ հայկական բանակը պատրաստ չէ եւ չի սպասում հրամանի իր հերթին: Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը նաեւ ակնարկել է, որ Հայաստանն ունի առաջինը չհարձակվելու ինքնավսահություն: Ի պատասխան Ալիեւի հայտարարության, թե «քանի ուշ չէ հայերը դուրս պետք է գան «տարածքներից»», Դավիթ Տոնոյանը հարց է ուղղել, թե ուզում ենք իմանալ՝  Բաքվի համար ե՞րբ է այդ «քանի դեռ ուշ չէ»-ն:

Գործնականում, Երեւանը բավականին ներդաշնակ կերպով ռազմա-քաղաքական կարեւոր ուղերձներ է հղել, հայտարարելով Տավուշի ռազմա-քաղաքական նոր իրողությունից հետո իրավա-քաղաքական նոր մակարդակի անցման ու նաեւ այդ նոր մակարդակի թիկունքում ռազմական ամրության առկայության մասին: Այլ կերպ ասած, Երեւանն ու Ստեփանակերտը սահմանել են իրավա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական պայմաններն Ադրբեջանի համար, միաժամանակ նաեւ նախանշելով ռեգիոնալ կայունության օրակարգի կրող ուժային կենտրոնների հետ երկխոսության պատրաստակամությունն ու դրա հայկական քաղաքական բովանդակությունը:

Post Author: admin