Հակառակորդը հրետակոծում է Մարտակերտ քաղաքը, կա տեսանյութ, որը կհրապարակվի․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, հատկապես հարավի և հյուսիսի ուղղությամբ: «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել: Հակառակորդը շարունակել է հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրանետներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ, հերոսական մարտեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է իրենց զոհված զինվորների դիերը տարհանելու խնդրանքով, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ոչ: «Մեր կողմում թողնված տասնյակ դիակներ կան»,-նշեց նա:

Հարցին՝ հաստատու՞մ է ադրբեջանցի գեներալի՝ գերի լինելու լուրը, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում չկա, բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը. «Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին»,-ասաց նա՝ նշելով, թե տեսանյութ կհրապարակվի: Հովհաննիսյանը հայտարարեց՝ չկա մասսայական տեղահանում, խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում:

Անդրադառնալով Արցախում բջջային կապի խնդիրներին՝ Հովհաննիսյանը նշեց՝ կապի դուրս գալով՝ զինծառայողներն իրենց կյանքը կվտանգեն. «Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը չգերբեռնվեն ու աշխատեն ըստ նպատակի»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի առնվազն 27 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 31 զոհ և մոտ 200 վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebook Comments

Post Author: admin