Հույս ունեմ`Թուրքիան կհավաքի խիզախությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը. ռուս գիտաշխատող

«Ես գիտակցում եմ, որ Թուրքիայի համար դժվար է Հայոց ցեղասպանության ոճրագործությունը ճանաչելը, սակայն հույս ունեմ, որ Թուրքիան կհավաքի խիզախությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին` այսօր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։
Վերջինս նշեց, թե հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է օսմանյան թուրքերի իշխանության գիտակցությամբ ու գլխավորությամբ։
Նադեին-Ռաևսկին այն կարծիքին է, որ Թուրքիան պետք է ճանաչի ու քննադատի իր նախնիների կատարած ոճիրը, ինչը հայ-թուրքական հարաբերությունների ապագան է: Ինչպես նաև հավելեց, որ այդ ոճրագործությունն ու դրա անպատժելիությունը հիմք է դարձել ֆաշիզմի ծննդին:
Իսկ թե որքան հայ է ապրել այդ ժամանակ այդտեղ մինչ 1915 թվականը, թուրք պատմաբանները հստակ թվեր չեն ներկայացնում, սակայն արտասահմանյան պատմաբանները պնդում են, որ այդ ժամանակ հայերի թիվը Թուրքիայում 1.5-3 միլիոնի էր հասնում:
«Ներկայումս Թուրքիայում որոշ գիտնականներ բացահայտ խոսում են այդ ոճրագործության մասին, սակայն այդ գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ սերունդները հայերի նկատմամբ ատելությամբ են դաստիարակվել»,-ասաց Նադեին-Ռաևսկին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։