Վերնիսաժի գործով վկայի ավտոմեքենան դեպքից հետո անհետացել է

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր վստահորդի վարած  BMW մակնիշի մեքենան, որը պատկանել է Վ. Հովհաննիսյանի հորը, դեպքից հետո ուղղակի անհետացել է: Լ. Բաղդասարյանը պարտադիր է համարում մեքենայի հայտնաբերումը, քանի որ կարծում է՝ նրա վրա կարող են լինել հետքեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա:

Փաստաբանի խոսքով՝ դեպքից շուրջ մեկ ամիս է անցել, սակայն իր վստահորդը նախաքննական մարմնի կողմից դեռ տուժող չի ճանաչվել:

«Նա այս պահին վկա է: Այդ կրակոցներից տուժել է նաև Վալերի Հովհաննիսյանը, քանի որ երկու հրազենային վնասվածք է ստացել: Անցել է շուրջ մեկ ամիս, բայց Վալերի Հովհաննիսյանը տուժող չի ճանաչվում: Տուժող պետք է ճանաչվի նաև Վալերի Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի՝ Վալերի Հովհաննիսյանը վիրավորվելու պահին գտնվել է հորը պատկանող մեքենայի մեջ: Այն լուրերը, թե Վալերի Հովհաննիսյանը հրազենային վնասվածքները ստացել է դրսում, մեղմ ասած՝ ճիշտ չեն: Մասնավորապես՝ առաջին հրազենային վնասվածքը նա ստանում է ղեկին նստած, երբ կրակում են նրա վարած մեքենայի դիմացի դուռը բացելով, որից հետո նա բացում է իր կողմի դուռը, որպեսզի դուրս գա և փախչի, այդ ժամանակ էլ ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը: Հասցնում է փախչել մոտ հինգ մետր և վայր է ընկնում»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանն անդրադարձավ նաև դեպքի վերաբերյալ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե կրակողի փոխարեն ինքը նույնը կաներ:

«Նմանօրինակ հայտարարությունը ոչ միայն հարուցված քրեական գործի ուղղորդում է նշանակում, այլև արջի ծառայություն է մատուցում այն անձին, ով անկախ կրակոց արձակելուց, քրեական հանցագործություն կատարել կամ չկատարելուց, որի վերջնական պատասխանը կտա դատարանը, վստահ եմ՝ ևս հոգեբանական մեծ տրավմա է տարել, որովհետև տեղի է ունեցել ողբերգություն, որն ազդել է նրա, իմ վստահորդի, մյուս մասնակցի ու նրանց ընտանիքների ճակատագրերի վրա»:

«Ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն լինի, որպեսզի հետագայում զերծ մնանք նմանատիպ դեպքերից»,- իր միակ պահանջն այսպես ձևակերպեց Լևոն Բաղդասարյանը:

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։