Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը։
Վերջինս նշեց, որ ելքեր պետք է փնտրել այնպես, որ Հայաստանը նվազագույն կորուստներ կրի․«Եթե իրադարձությունների ընթացքը այնպես զարգանա, որ միութենական պետության մաս կազմելը լինի անխուսափելի, պետք է մտածել՝ ինչ անել, որ Հայաստանը դառնա ամենալավը և ունենա նվազագույն կորուստներ այդ ամենից։ Եթե հնարավորություն կա դա չանելու, ուրեմն պետք է մտածել՝ դրա համար ինչ է պետք անել, ոչ թե միայն գոռանք, որ մենք ատում ենք և այլն։ Իրավիճակը այսօր շատ է սրվել, մենք ունենք աշխարհ, որը բաժանված է երկու մասի։ Կամ դու այս կողմում ես, կամ այն, մեջտեղում մնալը շատ դժվար է լինելու։ Երկրների վրա մեծ ճնշում կա և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի կողմից, բոլորը ճնշում են, ասում են՝ պետք է կողմնորոշվես»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից բացի այս պահին այլ դաշնակից չունենք և այլընտրանքային ռազմական դաշինք, ներկա պահին, չենք կարող ստեղծել։
«Պետք է կարողանանք օգտագործել դա ու համոզել մեր գործընկերոջը, որ այդ ռազմական դաշինքը ձեռնտու է նաև իրեն»,– ընդգծեց գործարար Ռուբեն Վարդանյանը։