Կառավարությունում էական փոփոխություններ են լինելու. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։

Կենտրոնական բանկում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:

Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին Նախագահը պատասխանել է. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը: