Տիգրան Սարգսյանը հաղթեց Հովիկ Աբրահամյանին

«168 Ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է կենսաթոշակային բարեփոխումների մասին և մասնավորապես նշել, որ «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է։ Մասնավորապես, 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: «Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ»,- ասել է Հ. Աբրահամյանը:
Այսինքն՝ իշխանությունը ոչ թե ասում է՝ մի կատարեք վճարումները, այլ տեղեկացնում է, որ եթե անգամ չվճարեն, տույժ ու տուգանքներ չեն հաշվարկվի։ Դրանով, ըստ էության, վերացնում է պարտադիր վճարումները կատարելու շահագրգռվածությունը։
…Սա, ըստ էության, նշանակում է, որ կենսաթոշակային բարեփոխումը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է գրեթե զրոյից։ Ոչ թե կատարվելու են շտկումներ, այլ փոխվում է ամբողջ փիլիսոփայությունը։ Որովհետև այդ բարեփոխման մեխը հենց պարտադիր բաղադրիչն էր։
Ու քանի որ ՀՀԿ-ն և ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, նախկինում պաշտպանում էին նախկին փիլիսոփայությունն ու անգամ հրաժարվում էին 1 տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը, ստացվում է նաև՝ որ Հովիկ Աբրահամյանը դեմ է նաև ՀՀԿ-ին ու ինքն իրեն։
Ու որքան էլ պարադոքսալ հնչի՝ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, ողջ էությամբ դեմ լինելով Տիգրան Սարգսյանին, կյանքի է կոչել վերջինիս ամենակարևոր, սակայն չիրականացած թեզը կամ բարեփոխումը՝ իրականացրել է ներքին հեղափոխություն՝ սեփական մտածողության մեջ»։

1 Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։