«ArmProd EXPO 2014» միջազգային ցուցահանդեսն է բացվել Երևանում

«ArmProd EXPO 2014» 13–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է բացվել ուրբաթ հայկական մայրաքաղաքի «Yerevan Expo» նոր ցուցահանդեսային համալիրում։

Այս տարի իրենց արտադրանքն են ներկայացրել 67 հայկական, հինգ` արցախյան, ինչպես նաև մի քանի ռուսական և ուկրաինական ընկերություններ։

«ArmProd EXPO 2014» ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, լիկյոր, բնական հյութեր, գարեջուր, հանքային ջրեր և ոչ ալկոհոլային խմիչքներ, մսի և կաթնամթերքի արտադրություն, յուղի և ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, խցանափակման արտադրանքներ, տպագրական արտադրանք։

Ցուցահանդես է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները` նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ։

«Արդեն չորրորդ տարին մենք Հայաստանում նշում ենք գյուղատնտեսի օրը, որը նշվում է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը։ Պատահական չէ, որ ArmProd EXPO 2014–ն անցկացվում է հենց հոկտեմբերին»,– լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարարը։

Ըստ նրա` Հայաստանում գործում են 340 հազար փոքր գյուղացիական տնտեսություններ, որոնք գործնականում ապահովում են Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 95 տոկոսը։
Հոկտեմբերի 18–ին դրա շրջանակում կկայանա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արդյունաբերական վերամշակման հարցերին։

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 19–ը ներառյալ։ Կազմակերպիչներն են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և LOGOS EXPO Center–ը։

Post Author: User User

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։