Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեին:

Ողջունելով հյուրին, նախարարը նշել է, որ մշակույթի բնագավառում համագործակ­ցության մասին համաձայնագրի ստորագրումը միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է և հույս հայտնել, որ մշակույթը փոխհամագործակցության ճանապարհ կբացի նաև այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որով պետք է ընթանա հայ-եթովպիական մշակութային հարաբերությունները: Նախարար Հ. Պողոսյանը Եթովպիայի իր գործընկերոջը 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Մշակութային քաղաքականություն: Քաղաքականություն մշակույթի համար» խորագրով համաժողովին, ինչպես նաև նախանշելու և քննարկելու համատեղ ծրագրերը:

Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրա­պետության կառավարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառա­վարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:

Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու և երկու երկրների միջև փոխճանաչելիություն ապահովելու համար: Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի և մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաև թատրոնի, գրադարանի և արխիվի միջև տեղեկատվության և մասնագետների փոխանակմանը: