ՀԿ-ն կողմ է քվեարկելու ԵՏՄ համաձայնագրին, որովհետև դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին. Տիգրան Ուրիխանյան

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Տիգրան  Ուրիխանյանը, ով նշեց, թե քննարկում են մի հարց, որը, ըստ էության, լուծված է:
Պատգամավորը հայտարարեց, թե ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին. «Որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին, ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնարավորությունների համար, որոնք կարող են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն ՀՀ շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը»:
Մինչ այդ, նա հայտարարեց, թե իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: «Այլ հարց է, թե ՀՀ-ն կարողանալո՞ւ է ապահովել իր համար առավելագույն օգուտներ»,- ասաց նա:
Ուրիխանյանի խոսքով՝ ինտեգրացիոն պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում: «Բայց դրա համար պետք է արժանապատվորեն բանակցել՝ չգնալ միակողմանի զիջումների»,- ասաց նա:

 

ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ ԲՀԿ-ն դեմ է էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը, ըստ նրա, ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն: «ԲՀԿ-ն պնդում է, որ երկրում պետք է ձևավորվի հստակ հայամետ, հայաստանակենտրոն, բազմակուսակցական իշխանություն, որն ի զորու կլինի բոլոր մակարդակներում պաշտպանել ՀՀ շահերը: Ի դեպ, այդպես մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը և մեզ ավելի կհարգեն թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում»,- եզրափակեց նա:

tert.am